Կ. Աճեմյան. Ընդդիմությունը համապատասխան թեկնածուներ չունի
«Քաղաքական առումով մրցակցությունը բավականին մեծացել է և դա է այն պատճառներից մեկը, որ այս ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է: ՏԻՄ (Տեղական ինքնակառավարման մարմիններ) ընտրություններն առհասարակ արտացոլում են երկրում առկա քաղաքական իրավիճակը, իսկ դրանցում ՀՀԿ-ն մշտապես ակտիվ դերակատարություն է ունեցել»,- Panorama.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՏԻՄ ընտրությունների նկատմամբ մեծ հետաքրքրությունը, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Նրա խոսքերով, այս ընտրությունները նախորդում են նախագահական ընտրություններին, դրանով իսկ քաղաքական ուժերի համար այդ պրոցեսները կարևորվում են:
«Դրանից զատ, մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքներում քաղաքապետերի ընտրություններ են լինելու, ինչը պակաս կարևորություն չունի»,- ասաց Կ. Աճեմյանը:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններին առավել պասիվ է մոտենում, տիկին Աճեմյանն ասաց. «Ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններին հիմնականում պասիվ ներգրավվածություն է ունենում, քանի որ տեղերում ակտիվ, ընդգծված թեկնածուներ չունեն»: