Ադրբեջանի զորամասերից մեկում ծեծի հետևանքով սպանված զինվորին կախել են՝ դեպքը ներկայացնելով որպես ինքնասպանություն
Հունիսի 11-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ ադրբեջանական բանակի Բարդայում տեղակայված զորամասերից մեկի` Գեդաբեկի զինկոմիսարիատից զորակոչված 18-ամյա զինվոր Փարվիզ Իսքենդերլին ինքնասպանություն է գործել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է ինքնասպանության մասին տեղեկությունը: Սակայն, հանգուցյալի մայրը` Քիֆայաթ Իսգենդերլին հայտարարել է, որ որդու՝ ինքնասպանություն գործելու մասին տեղեկությունը սուտ է:
«Ազադլիգ»-ը գրում է, որ տիկին Իսգենդերլին faktxeber.com-ին հայտնել է, որ զինվորական ծառայության 6 ամիսների ընթացքում որդին ոչ մի խնդիր չի ունեցել, սպաները նրա ծառայությունից գոհ են եղել: «Որդուս ծառայությունից բոլորը գոհ են եղել: Նա հայրենասեր և խելացի զավակ է եղել: Սակայն, խոսում են, թե նա կապի միջոցով լրտեսություն է արել հայերի օգտին: Հունիսի 11-ին, երեկոյան Փարվիզը եղբոր հետ հեռախոսով խոսելիս ասել է, որ իր մոտ ամեն ինչ կարգին է: Հունիսի 12-ին զորամասի սպաներից Ջավանշիր Գուլիևը տղայիս հեռախոսով հայտնել է, որ եղբայրը զորամասից փախել է: Առավոտյան զորամաս հասնելուն պես մեզ ասացին, որ Փարվիզը իրեն կախել է բակի ծառից: Ծառի ճյուղի կեղևն էլ դանակով պոկել էին, իբրև թե կախվելու ժամանակ Փարվիզն է վնասել ճյուղը», -ասել է նա:
Զինվորի մայրը պատմել է, որ որդու մարմինը խոշտանգված է եղել: «Որդիս ո՞նց է իրեն կախել, եթե ձեռքը, վիզը, ոտքը ջարդված էր: Ոտքի հարվածներից նրա երեսին և գլխի վրա վնասվածքի հետքեր կային: Զորամասից մեզ ասացին, որ որդուս 4 սպաներ ծեծելով սպանել են, իբր, տղաս պատրաստվում էր կապի վերաբերյալ գաղտնիքներ տարածել: Սպաները որդուս սպանել են իրենց կատարած հանցագործությունը քողարկելու համար», -հայտարարել է որդեկորույս մայրը:
Որդուն կասկածելի հանգամանքներում կորցրած մայրը արդարադատության մարմիններից խնդրել է օգնել իրեն բացահայտել հանցագործությունը և պատժել մեղավորներին: