Կապիտանի կողմից դաժան ծեծի ենթարկված զինվորը գանգուղեղային վնասվածք է ստացել
Արարատի զորամասում օրերս հերթական միջադեպն է գրանցվել։ «Հրապարակին» հասած տեղեկություններով՝ նշված զորամասի զինծառայող Գրիգոր Տոնապետյանը մարտական հենակետում ծեծի է ենթարկվել կապիտան Կիրակոսյանի կողմից։ Այս պահին զինվորը գտնվում է ՊՆ Մուրացանի զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքում՝ գանգուղեղային վնասվածքով։
Դեպքի վերաբերյալ թերթը փորձել է մանրամասներ ճշտել պաշտպանության նախարարությունից։ Մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ գործով նյութեր են նախապատրաստվում, որոնք կուղարկվեն տարածքային քննչական բաժին։
«Այլ մանրամասներ չհայտնեցին, սակայն, մեզ հասած տեղեկություններով, ծեծի պատճառ է դարձել այն, որ Գրիգոր Տոնապետյանը կազմուպատրաստ չի դիմավորել հրամանատարին, ով այցելել է հենակետ, ինչը խիստ զայրացրել է վերջինիս»,-հավելել է թերթը: