Լևոն Սարգսյան. «Սիրիայի հարցում խուճապի մատնվելու անհրաժեշտություն չկա»
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը «Ժողովրդի» հետ զրույցում հավաստիացրել է, որ Սիրիայի հարցում խուճապի մատնվելու անհրաժեշտություն չկա։ Սիրիայում ՀՀ նախկին դեսպանը հուլիսի 7-ին է վերադարձել Հալեպից։
Անդրադառնալով հարցին, թե «Արտագաղթի տրամադրվածություն չկա՞ Սիրիայում», Սարգսյանը նշել է. «Ո´չ, արտագաղթի տրամադրություն բացարձակ չկա»:
Հարցին, թե՝ «ինչպե՞ս եք գնահատում «Արմավիա» ընկերության պահվածքը, որ խուճապահար սիրիահայերին պարտադրել էր գնել երկկողմանի տոմսեր», Լևոն Սարգսյանը պատասխանել է. «Ես, ճիշտն ասած, մանրամասներին տեղյակ չեմ, բայց կարող եմ ասել, որ արդեն այսօր՝ երեկոյան՝ ժամը 17:00-ին, եթե չեմ սխալվում, երկրորդ ինքնաթիռը պետք է մեկներ Հալեպ։ «Արմավիա»-ն մասնավոր կազմակերպություն է, և այստեղ ոչ թե շահն է հետապնդում, այլ նրանք ձգտում են գոնե մինիմալ վնասներով դուրս գալ իրավիճակից»: