Ուրիխանայնը Յ. Վարդանյանին առաջարկում է ԱՄՆ-ում ապրելու ժամանակ ջանար բարձրացնել մարզիկների պրոֆեսիոնալիզմը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է հայ հայտնի ծանրորդ աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Վարդանյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներ է ցուցաբերել ծանրամարտի ասպարեզում:
«Կառաջարկեի, որպեսզի պարոն Վարդանյանը, ԱՄՆ-ում ապրելու ժամանակաշրջանում, անդրադառնար նաև ծանրամարտիկների պատրաստվածության խնդրին, զբաղվեր նրանց իրավիճակի բարելավմամբ, կատարեր ներդրումներ, ջանար, որպեսզի պրոֆեսիոնալիզմը և բարձր մարզական պատրաստվածությունը մեր մարզաշխարհում, մասնավորապես, այդ սպորտաձևի ներկայացուցիչների մոտ՝ լինի բարձր մակարդակի վրա», -հայտարարեց Ուրիխանյանը:
Ամեն ինչ սկսվել էր Լոնդոնում օլիմպիական խաղերի ժամանակ ծանորորդ Առաքել Միրզոյանի անհաջող ցուցադրությունից, երբ նա, չարդարացնելով սպասելիքները, չարժանացավ որևէ մեդալի ու նույնիսկ հրում վարժությունից 0 միավոր ստացավ: Յուրի Վարդանյանն ասել էր, որ ինքը վատ է զգացել և նշել, որ Առաքել Միրզոյանի հայրը` նույնպես նախկին չեմպիոն Օգսեն Միրզոյանը սխալ ձևով է մարզել որդուն` առանձնացնելով թիմից:
Չնայած նրան, որ հայ մարզիկները որևէ արդյունք չեն արձանագրել, այնուամենայնիվ, Ուրիխանյանը ուրախ է, որ Հայաստանի մարզիկները մասնակցում են 30-րդ օլիմպիական խաղերին։ Նա հույս հայտնեց, որ առաջիկայում մեր մարզիկներն առավել հաջող հանդես կգան. «Ցանկանում եմ ապրել այն բերկրանքը, որն ապրում են այն երկրների քաղաքացիները, որոնց ներկայացուցիչները հաղթանակած են վերադառնում: Մաղթում եմ մեր՝ դեռևս ուժերը չփորձած մարզիկներին, հաջողություն, եռանդ, ամուր կամքի դրսևորում, բազմաթիվ կոչումներ ու մրցանակներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին