Տնտեսական շահեր, թե ՞ ռազմավարական դաշինք. Իրանը պետք է Թուրքիայի և Սիրիայի միջև ընտրություն կատարի
Իրան-Թուրքիա-Սիրիա եռանկյունին վերջին շրջանում սիրիական ճգնաժամի հետ կապված, աստիճանաբար վերափոխվելով այլ տեսք է ստանում: Սիրիական ճգնաժամն, օրըստօրե ավելի բարդանալով, ներքաղաքական հակամարտությունից աստիճանաբար վերափոխվեց տարածաշրջանային և միջազգային ճգնաժամի:
Որպես Սիրիայի անմիջական հարևան` մի կողմից Թուրքիան է փորձում միջամտել Դամասկոսի ներքին գործերին, մյուս կողմից արաբական երկրները, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան և Քաթարը՝ որպես Արաբական Միության անդամ երկրներ միջամտում են՝ զինելով Սիրիայի իշխանությունների դեմ պայքարող խմբավորումներին:
Այդ ամենով հանդերձ, միանգամայն բնական է, որ Իրանը, որպես Սիրիայի ռազմավարական դաշնակից կենսական շահեր ունի այդ երկրում և այդտեղ տեղի ունեցող յուրաքանչյուր զարգացման նկատմամբ զգայուն վերաբերմունք ցուցաբերում: Ուստի Սիրիայի հետ ունեցած սահմանում Թուրքիայի կողմից անցկացվող զորավարժությունները չէին կարող չանհանգստացնել Իրանին: Թուրքիայի գործողությունները զսպելու նպատակով օրերս պաշտոնական Թեհրանը խիստ նախազգուշացրեց Անկարային, որ եթե վերջինս Սիրիայի վրա ռազմական հարձակում իրականացնի, ապա այդ պարագայում խնդիր կունենա նաև Իրանի հետ:
Բանն այն է, որ Իրանի և Սիրիայի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ եթե կողմերից որևէ մեկի տարածքը ենթարկվի ռազմական հարձակման, ապա մյուս ռազմավարական դաշնակիցը պարտավոր է միջամտել և օգնություն ցուցաբերել:
Սիրիայի նկատմամբ Թուրքիայի կողմից ռազմական ուժի կիրառումն Իրանը համարում է որպես Թեհրանի և Անկարայի հարաբերությունների կարմիր գիծ: Թուրքիայի կողմից Իրանի դաշնակցի՝ Սիրիայի, հասցեին ուղղված սպառնալից հայտարարությունները Թեհրանն ընկալում է որպես սպառնալիք՝ ուղղված իր երկրի շահերի դեմ:
Վերջին տարիներին Թուրքիայի և Իրանի միջև հաստատված բարձր մակարդակի տնտեսական հարաբերությունները սիրիական ճգնաժամի պատճառով կարող են վերանայվել: Արդյունքում Սիրիայի հետ ունեցած ռազմավարական դաշինքն ու Թուրքիայի հետ ունեցած տնտեսական շահերը կարծես թե հավասարվում են. Այդ պարագայում Իրանը պետք է ընտրություն կատարի, թե վերը նշվածներից որն է իր համար կենսական և որ երկրին է նախապատվություն տալիս:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները