Զինվորները հերթապահության ժամին քնել են, սպան ծեծել ու հայհոյել է նրանց. Այժմ բոլորը մեղադրյալի աթոռին են
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի զորամասերից մեկի առաջնային գծում այս տարվա մայիսին կեսգիշերից անց հերթապահության ժամանակ երեք զինծառայողներ քնել են: Այդ վիճակում նրանց հայտնաբերած սպան ծեծել է երեք շարքային զինծառայողներին ու այժմ նրանք հայտնվել են մեղադրյալի աթոռին:
Գնդացրորդներ, ժամկետային զինծառայող շարքայիններ Հովհաննես Թադևոսյանը և Արտյոմ Դավեյանը, ինչպես նաև ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ղուկաս Ղուկասյանը, որոնք այս տարվա մայիսի 4-ից գումարտակի անձնակազմի հետ դիրքերում ընդգրկված են եղել մարտական հերթապահության, մայիսի 11-ին գիշերը ժամը 01:00-ին ստանձնել են առաջնային գծում դիտորդի պարտականությունները, սակայն կես ժամ անց` քնել: Դասակի հրամանատար, լեյտենանտ Արթուր Եսայանը, որը հենակետի պատասխանատու է եղել, ժամը 01:30-ի սահմաններում տղաներին հայտնաբերել է քնած վիճակում:
Գործի նյութերից տեղեկանում ենք, որ «խստապահանջ սպայի տպավորություն թողնելու, որպես հրամանատար ինքնահաստատվելու և վարկանիշը բարձրացնելու շարժառիթներով, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանները», Եսայանը կատարել է իշխանազանցություն և իր կողմից տրված նախաժգուշացումը անտեսելու, իրեն հակաճառելու պատճառով ծեծի է ենթարկել երեք զինծառայողներին: Մասնավորապես, ապտակել է կրտսեր սերժանտ Ղուկաս Ղուկասյանին, հայհոյել ու ձեռքերով հարվածներ հասցրել շարքային Հովհաննես Թադևոսյանին` պատճառելով վերջինիս առողջությանը «թեթև վնասի հատկանիշներ չպարունակող» մարմնական վնասվածք, դրանով իսկ էական վնաս պատճառել զինվորական ղեկավարման գործունեության բնականոն ընթացքին, զինվորական պետերի, պաշտոնատար անձանց կողմից ծառայողական գործառութների իրականացման համար հաստատված կարգին, ոտնահարել կրտսեր սերժանտ Ղ. Ղուկասյանի և շարքային Հ. Թադևոսյանի իրավունքներն ու ազատությունները, «հեղինակազրկել պետական զինվորական իշխանության մարմինները»:
Նախկինում չդատված սպա Արթուր Եսայանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Պետի կամ պաշտոնատար անձանց կողմից իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը»:
Իսկ մյուս զինծառայողներին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քր. Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահությունը կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը»:
Երեք զինծառայողներից սակայն, տարբերվում է Հովհաննես Թադևոսյանի պարագան. վերջինը, ըստ գործի նյութերի, չի դիմացել վիրավորանքին, խախտել է զինվորական հարգանքի, վարքի կարգուկանոնի և կարգապահության պահպանության կանոնները, հենակետի պատասխանատու լեյտենանտ Արթուր Եսայանի կողմից իրեն հայհոյելու կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել նրա հետ և խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, տվյալ պահին նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում ստորացնելով Ա. Եսայանի պատիվն ու արժանապատվությունը, հայհոյել և բռնություն է գործադրել` ձեռքով և ոտքով հարվածներ է հասցրել Եսայանի մարմնի տարբեր մասերին` Ա. Եսայանի առողջությանը պատճառելով «թեթև վնասի հատկանիշներ չպարունակող» մարմնական վնասվածք:
Այս պատճառով էլ Թադևոսյանին առաջադրվել է մեկ այլ մեղադրանք՝ ՀՀ Քր. Օր.-ի 359-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով»:
Ղուկաս Ղուկասյանի և Արտյոմ Դավեյանի փաստաբան, Լեռնային Ղարաբաղում գործունեություն ծավալող Ազատ Ավակիմյանը Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալներն ամբողջովին ընդունել են իրենց մեղքը, խոստովանել, որ առաջնային գծում մարտական հերթապահության ժամանակ քնել են և զղջացել դրա համար: Ինչ վերաբերում է Թադևոսյանին, Ավակիմյանն ասաց, որ ինքը նրա պաշտպանը չէ, և չի կարող ասել՝ ընդունե՞լ է նա իրեն մեղսագրվող արարքը, թե՞ ոչ:
«Մարտական հերթապահության ժամանակ քնելը շատ փիս արարք է դիտվում. շատ ժամանակ ինքնասպանությունները այդ պատճառով էլ են լինում՝ մեկը քնում ա պոստի ժամանակ, դնում են, զինվորին ստորացնում են, էդ մարդիկ էլ ինքնասպան են լինում», -ասաց Ստեփանակերտում գործող փաստաբանը:
Գնահատելով լեյտենանտ Արթուր Եսայանի արարքը, փաստաբանը նկատեց. «Արթուր Եսայանը քնած վիճակում էր հայտնաբերել զինվորներին, կարող էր ուղղակի զեկուցագիր գրել, ոչ թե ծեծեր, սամասուդ աներ»:
Քրեական գործն արդեն Ասկերանի զինվորական դատախազության կողմից ուղարկվել է Ստեփանակերտի դատարան: Առաջին նիստը, որը պետք է կայանար հուլիսի 31-ին, հետաձգվել է դատավորի՝ արձակուրդում գտնվելու պատճառաբանությամբ: Նիստն սպասվում է, որ պետք է տեղի ունենա օգոստոսի 24-ից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա