Ա.Բախշյան. Մեր դպրոցներն իրենց բովանդակությամբ այսօր պատրաստ չեն ընդունելու սիրիահայ դպրոցականների
«Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ Կրթության և գիտության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին անդամ Անահիտ Բախշյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է սիրիահայերի խնդրին` անդրադառնալով այն լուրերին, թե Երևանի երեք ավագ դպրոցներ պատրաստվում են ընդունել սիրիահայ դպրոցականների, որոնց ընտանիքները հայրենադարձվել կամ հայրենադարձվելու են.
«Մեր դպրոցներն իրենց բովանդակությամբ այսօր պատրաստ չեն ընդունելու այդ երեխաներին, քանի որ այդ երեխաների հետ պետք է աշխատել տարբեր կերպ՝ ընդհուպ՝ տարբեր բառապաշարով, որովհետև նախ նրանք խոսում են արևմտահայերեն, երկրորդ՝ տարբեր է մեր ու նրանց կրթական միջավայրը, իսկ մենք չենք կարող հայտարարել՝ «մերը սա է, ոնց ուզում եք հարմարվեք»:
Իսկ եթե այդ երեխաներին տարբեր պատճառներով հարմար չլինի գնալ հենց այդ որոշված դպրոցները, ի՞նչ պիտի անեն ծնողները հայրենիքում: Այնինչ այս խնդիրը հեշտությամբ կլուծվեր, եթե մենք արդեն ունենայինք հանրակրթությունը համընդհանուր ներառական սկզբունքի վրա դնելու մասին հռչակող օրենքը, որը թույլ կտար ցանկացած դպրոցի ունենալ թե անհրաժեշտ մասնագետներ, թե միջոցներ՝ նրանց ներառումը կազմակերպելու համար:
Նշեմ, որ այդ օրենքի նախագիծն արդեն Ազգային Ժողովում է և հույս ունեմ, որ աշնանային նստաշրջանում այն արդեն կդրվի քննարկման և հնարավորինս բաց ու արդյունավետ հրապարակային քննարկումների շնորհիվ կունենանք «Հանրակրթության մասին» ՀՀ նոր օրենք՝ հիմնված համընդհանուր ներառական սկզբունքի վրա, որը նշանակում է, որ բոլոր դպրոցներում պետք է կրթությունը կազմակերպել ներառական սկզբունքի վրա, այսինքն, անկախ երեխայի մտավոր և ֆիզիկական հնարավորություններից, տվյալ դեպքում՝ լեզվից, յուրաքանչյուր դպրոց պետք է հոգա և բավարարի յուրաքանչյուր երեխայի կրթական կարիքը:
Մենք ներառական կրթություն ասելով, լավագույն դեպքում, դեռևս հասկանում ենք այն դպրոցը, որը լուծում է միայն հաշմանդամ երեխաներին դպրոց բերելու և նրա կրթությունը կազմակերպելու խնդիրը, այնինչ ահա մի վիճակ է ստեղծվելու վերոնշյալ ավագ դպրոցներում, որտեղ հաճախելու են ոչ հաշմանդամ, բայց իրենց լեզվով, մշակույթով տարբեր հայ երեխաներ, իսկ դպրոցում չեն իմանալու, թե ինչպես կազմակերպել նրանց կրթությունը, ինչից սկսել: Ներառական չի ոչ միայն դպրոցը, այլև հասարակությունը, ինչպես առաջին հայրենադարձության տարիներին՝ 1946-1950թ.թ., երբ Հայրենիքում մեր հայրենակիցներին կպցրեցին «ախպար» ածականն ու նրանք էլ առաջին հնարավորության դեպքում փախան Հայաստանից այն երկիր, որտեղ իրենց համար կազմակերպվեցին լեզու սովորելու անվճար դասընթացներ, իսկ երեխաների կրթությունը կազմակերպվեց տեղի դպրոցներում բոլոր երեխաների հետ միասին՝ ներառական սկզբունքով : Ու հետո զարմանում ենք, թե ինչո՞ւ և ինչպե՞ս են մեր հայրենակիցներն այդքան արագ ինտեգրվում այլ երկրներում:
Ներառման գաղափարախոսությունը, ունենալով մեծ սփյուռք, հատկապես հայերս շատ պիտի կարևորենք, որովհետև հայրենադարձությունն աշխարհաքաղաքական ներկա իրավիճակներում կարող է անընդհատ լինել և մեր կրթության ոլորտը պետք է պատրաստ լինի դրան, սա նույնպես քաղաքական լուրջ խնդիր է: Ակնհայտ է, որքան մեր հասարակության յուրաքանչյուր անդամի համար բարձր լինի կրթության մեջ ներառվելու հավասար հնարավորությունը , այնքան հանդուրժող կլինի հասարակությունն ու որակյալ՝ կրթությունը: Էլ չեմ ասում, թե Հայրենիքում որքան իրենց պաշտպանված ու ապահով կզգան մեր հայրենակիցները»,- մասնավորապես գրառել է Անահիտ Բախշյանն ու հավելել` մենք պարտավոր ենք վերանայել մեր հասարակական հարաբերությունները և ոչ միայն դրանք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան