«Առավոտ». Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված ճանապարհը քանդվում է
Լինսի հիմնադրամի միջոցներով 2001-2003 թվականներին կառուցվեց սահմանագոտին շրջանցող՝ Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ ճանապարհը։ Շրջանցիկ այդ ճանապարհը կառուցել է «Դորոժնիկ» ՍՊԸ-ն։ Շինարարության համար, «Առավոտի» տվյալներով, ծախսվել է մոտ 7 միլիոն դոլար։ Ներկայումս այս ճանապարհում՝ շուրջ 20 տեղ, ասֆալտի ծածկույթը քանդվել կամ փոս է ընկել, ճանապարհը դարձել է անբարեկարգ։ Պատճառը, ըստ մասնագետների, ասֆալտի հիմքի թույլ լինելն է, մեծ հաշվով՝ ճանապարհաշինարարների անորակ աշխատանքը։
«Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված՝ Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ ճանապարհի եզրին ներկայումս քարակույտեր են թափված, որպեսզի դրանով հարթեցվեն միջպետական ճանապարհի քանդված տեղերը։ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական ինտերնետային կայքի Լինսի ծրագրի ճանապարհաշինության բաժնում այս ճանապարհի վերաբերյալ նշված է. «Կառուցվել է Կիրանց-Ոսկեպար սահմանամերձ գյուղերը կապող ավտոճանապարհը՝ դարձնելով այն ավելի անվտանգ»։ Իրականում հնարավորություն կար սահմանագիծը շրջանցող ճանապարհը կառուցել ավելի կարճ, ավելի հարթ տեղանքով, ադրբեջանական զինուժի ոտնձգություններից պաշտպանված, անվտանգ տարածքով։ Խորհրդային տարիներին Կիրանց-Ոսկեպար հատվածը 4 կմ երկարություն ուներ։ Ներկայումս գրեթե նույն տարածքով ձգվող, ռազմավարական նշանակություն ունեցող, ռազմական տեխնիկայի և զինուժի տեղաշարժի համար կառուցված հողաշեն ճանապարհը ունի 5 կմ երկարություն։ Այն ադրբեջանական հրետակոծությունից պաշտպանված է հողապատնեշներով։ Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված շրջանցիկ ճանապարհը կրկնակի երկար է, այն ձգվում է լեռնային բաց տեղանքով, խոցելի է ադրբեջանական հենակետերի կողմից։ Տրանսպորտային միջոցների տերերը շրջանցիկ այդ ճանապարհը հաղթահարելիս հավելյալ վառելիք, ժամանակ և նյարդեր են ծախսում»,-գրել է «Առավոտ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները