Անկարան հերքել է Սիրիայում թուրք գեներալի ձերբակալման մասին լուրը
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սելչուկ Ունալը հերքել է իրանական աղբյուրների տարածած լուրն այն մասին, թե Սիրիայի Հալեպ քաղաքում ապստամբների աջակցելու ժամանակ ձերբակալվել է թուրքական բանակի գեներալ:
Թուրքիայի արտգործնախարարությունը տարածել է այդ լուրը հերքող պաշտոնական հաղորդագրություն, որի մեջ նաև նշված է, որ Իրանի արտգործնախարար Ալի Էքբեր Սալիհին զանգահարել է թուրք գործընկերոջը և խնդրել օգնել օրերս Սիրիայի ընդդիմադիր ուժերի կողմից առևանգված 48 իրանցիների ազատ արձակման հարցում: Դավութօղլուն էլ խոստացել է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթ Փուրը հայտարարել էր, որ Անկարան պետք է պատասխան տա Սիրիայում ձերբակալված թուրք գեներալի գործունեության համար և բացատրություն տա թե ի՞նչ նպատակով էր թուրք գեներալը գործուղվել Սիրիա: