Ադրբեջանցի զինվորի մայրը պնդում է. «Որդուս ներքին օրգանները վաճառել են»
Ադրբեջանում՝ Բարդայի զորամասերից մեկում, ինքնասպանություն գործած զինծառայող Պարվին Իսկանդերլիի մայրը` Քիֆայաթ Իսկանդերլին հանդես է եկել հերթական ցնցող հայտարարությամբ:
«Բիզիմ յոլ»-ի փոխանցմամբ՝ Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ Պարվինի մայրը հայտարարել է, որ իր որդու ներքին օրգանները վաճառվել են արտասահման:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտնել էր, որ իր որդին ոչ թե ինքնասպանություն է գործել, ինչպես դա պաշտոնապես հայտարարվել է, այլ զորամասի 4 սպաները նրան դաժան ծեծի են ենթարկել՝ ջարդելով ձեռքը, ոտքն ու վիզը: Հանցագործությունը կոծկելու համար, սպաները ծառից կախել էին նրան:
Մահացած զինվորի մայրը համոզմունք է հայտնել, որ որդուն սպանել են, քանի որ նման վնասվածքներով որդին չէր կարող ինքն իրեն կախել: «Որդուս մարմինը մեզ հանձնելու ժամանակ ասացին, որ նա 4 ժամ առաջ է մահացել: Բայց, դիակից այնքան ուժեղ հոտ էր փչում, որ մոտենալ հնարավոր չէր: Դիակի վրա վնասվածքների հետքեր կային: Ձեռքը, ոտքը, վիզը ջարդված էր, դեմքը՝ վնասված: Պարվինի ներքին օրգանները հանված էին: Մեզ նրա մահվան փորձագիտական եզրակացությունը չտվեցին: Այդտեղ մենք իմացանք, որ այդ զորամասում մեկ ամսվա ընթացքում 8 զինվոր է մահացել: Նրանց բոլորի ներքին օրգաններն էլ հանվել և վաճառվել են արտասահման: Զորամասի մոտ գտնվող խանութում ազատ կերպով վաճառվում էր զինվորների համար նախատեսված մթերքը: Զինվորների մեծամասնությունը սոված էր, կամ սնվում էր ինչով պատահի: Զորամասի հարևանությամբ մի գեներալի առանձնատուն էր կառուցվում: Ամբողջ օրը զինվորներին այնտեղ աշխատեցնում էին: Արևի տակ աշխատելու հետևանքով նրանք այրվածքներ էին ստացել: Եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, իմ նման մի քանի մայրեր էլ որդիներ կկորցնեն: Ես չեմ ցանկանում, որ իմ որդու հետ պատահածը ուրիշներին էլ պատահի», -ասել է նա:
Զինվորի մայրը ևս մի հետաքրքիր դրվագ է պատմել: «Պարվինը ծառայում էր կապի վրա: Նրա հերթապահության ժամանակ երկու սպաներ գաղտնի խոսակցություն են ունեցել: Հետո իմացել են, որ Պարվինը կապի մեջ է եղել և լսել է նրանց խոսակցությունը: Որդուս նրանք սպանել են հենց նույն գիշեր: Հետո մենք իմացանք, որ ծառայության ժամանակ որդիս իր ընկերներին խորհուրդ է տվել ամեն ինչ անել բանակ չգնալու համար, քանի որ այնտեղ բոլորին նեղում են: Տեղի բնակիչները մեզ ասացին, որ այդ զորամասի Գասըմլի ազգանունով հրամանատարի օրոք մեկ ամսվա ընթացքում 8 զինվորներն էլ մահացել են խիստ կասկածելի հանգամանքներում»,-հայտնել է զինվորի մայրը: