Սիրիական հասարակական լայն զանգվածների ակտիվ միջամտությունը այլևս անհրաժեշտություն է
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օգոստոսի 3-ին ձայների 133 կողմ, 12 դեմ, 31 ձեռնպահ (ՀՀ-ը ձեռնպահ է քվեարկել) հարաբերակցությամբ Սիրիայի վերաբերյալ ընդունեց բանաձև: Բանաձևը որոշակի փոփոխություններ կրեց իր նախապատրաստման փուլում, որտեղից հանվեցին Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացմանն ու Բաշար Ալ-Ասադին իշխանությունից հեռացմանն ուղղված ԱԵԼ-ի կողմից առաջ քաշված պահանջները:
Բանաձևում տեղ են գտել սիրիական իշխանություններին ուղղված քննադատություններ և ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ բանագնացին հասցեագրված խնդրանք` գործողությունների ընթացքում կենտրոնանալ խաղաղ միջոցառումների վրա, որոնցով կապահովվի ժողովրդավարական, բազմակարծության վրա հիմնված քաղաքացիական երկրի ստեղծումը:
Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևը խորհրդատվական և դեկլարատիվ բնույթ ունի, և չի կարող էական ազդեցություն ունենալ սիրիական հակամարտության կարգավորման հարցում: Այն ավելի շուտ ցույց տվեց, որ հակամարտության մեջ ներգրավված արտաքին ուժերը կրկնապատկում են իրենց ջանքերը միջազգային կառույցներում, ամեն ինչ անում են, որպեսզի խնդիրը մնա միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, և առավել շատ թվով պետություններ հստակեցնեն իրենց դիրքորոշումը Սիրիայի հարցում:
Այս բանաձևը ավելի շատ նախավարժանք է իրենից հիշեցնում սպասվելիք ՄԱԿ-ի ԱԽ-ում սուր քննարկումների համատեքստում, առավել ևս, որ չկան Սիրիայում ՄԱԿ-ի առաքելության լիազորությունների երկարացման նախադրյալներ, քանի որ առաքելությանը տրված ժամանակահատվածը լրանում է, իսկ Սիրիան էլ ավելի է մխրճվում քաղաքացիական պատերազմի հորձանուտի մեջ: ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ բանագնացի թեկնածության հարցը նույնպես անորոշ է, քանզի գործող բանագնաց Քոֆի Անանը հայտարարել է, որ իր լիազորությունների ավարտվելուն պես չի պատրաստվում շարունակել պաշտոնավարումը:
Միջազգային կառույցները վաղուց արդեն վերածվել են սիրիական հակամարտության կարգավորման առումով արտաքին խաղացողների շահերի բախման հարթակների, և սիրիամետ լուծումներ ակնկալել այդ կառույցներից միամտություն կլինի: Այս համատեքստում հակամարտության մեջ սիրիական հասարակական լայն զանգվածների ակտիվ միջամտությունը այլևս անհրաժեշտություն է, քազի պասիվ դերակատարումը ճակատագրական կարող է լինել Սիրիայի համար:
Արաբագետ Սարգիս Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները