Լրագրողները խանգարե՞լ են Թալինի ընտրություններում. Քաղաքապետի անունը հայտնի է
Թալինի քաղաքապետի անունը հայտնի է. օգոստոսի 5-ին տեղի ունեցած քաղաքապետի արտահերթ ընտրություններում, նախնական արդյունքներով, քաղաքապետ է ընտրվել Հանրապետական կուսակցության անդամ Սարգիս Արամյանը` հավաքելով 1274 ընտրողի ձայն: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Անդրանիկ Պետրոսյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վազգեն Խաչատրյանն ստացել է 917 ձայն, իսկ Վորոշ Խաչատրյանը, որին, ըստ որոշ տեղեկությունենրի աջակցում էր Թալինի նախկին քաղաքապետ, Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր ընտրված Մնացական Մնացականյանը, ստացել է 840 ձայն: Անկուսակցականներ Գագիկ Կարապետյանը և Էդվարդ Գրիգորյանը ստացել են համապատասխանաբար` 190 և 28 ձայն:
Անդրանիկ Պետրոսյանի խոսքով, մինչ այժմ որևէ թեկնածուի կողմից բողոքարկման մասին դիմում չի ստացվել և դրանց սպասում են այսօր մինչև ժամը 12:00-ն: Իսկ ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն մի քանի օր հետո:
Թալինի քաղաքապետի ընտրությունները, Անդրանիկ Պետրոսյանի գնահատմամբ, ընդհանուր առմամբ նորմալ են ացել, չնայած որոշ լարվածություն եղել է: «Ընտրատարածքային հանձնաժողովների անդամներն իրենց ներկայացրած արձանագրություններում ներառել են հատուկ կարծիքներ, դիտողություններ ընտրատեղամասերում որոշ թերությունների մասին», -փոխանցեց Պետրոսյանը:
Նրա խոսքով, ընտրատեղամասերում «որոշ թերությունների» հեղինակները լրագրողներն են եղել և իրենց «արհեստական քաշքշուքների» պատճառով դժգոհություններ են առաջացրել ընտրատեղամասային հանձնաժողովների անդամների մոտ:
«Դժգոհությունները եղել են լրատվամիջոցների ներկայությունից, որոնք արհեստական քաշքշուք են առաջացրել: Այդ բոլորը մենք կքննարկենք», փոխանցեց Պետրոսյանը:
Նշենք, որ Թալինի տարածաշրջանն ընդգրկող թիվ 15 ընտրատարածքում Թալինի նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանի՝ պատգամավոր ընտրվելուց հետո քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա