Բայց էլ ի՞նչ ընտրություններ, որ` «Անհնար էր խախտումներ թույլ տալ»
«Թալինի ընտրություններն անցել են բավականին դրական մթնոլորտում, իհարկե թեկնածուների միջև մրցակցություն կար և ակտիվ պայքար էր գնում, սակայն մրցապայքարը ազնիվ էր ու արդար, որևէ անօրինական փաստ չի արձանագրվել»,- ասաց Արագածոտնի մարզպետ, ՀՀԿ Արագածոտնի տարածքային կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանը, իսկ Panorama.am-ի հարցին, թե ԲՀԿ խմբակցության քարտուղարը հայտարարել է, որ Թալինում կայացած քաղաքապետի ընտրությունների ընթացքում իրենց վստահված անձինք բազմաթիվ խախտումներ են գրանցել, կարելի է ասել` կոչ արեց. «Ով էլ որ հայտարարում է, թե խախտումներ են եղել, թող բերեն փաստերով ապացուցեն, թող բերեն ցույց տան, որ այսինչ ընտրատարածքում այսինչ խախտումն են արձանագրել»։
Ըստ մարզպետի՝ ընտրություններին ներկա են գտնվել բազմաթիվ դիտորդներ, իսկ թեկնածուները գրեթե բոլոր ընտրատեղամասերում վստահված անձինք են ունեցել. «իսկ այդ պարագայում, նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում անհնար էր խախտումներ թույլ տալ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Անդրանիկ Պետրոսյանը Panorama.am-ին ասել է, որ օգոստոսի 5-ին, Թալինում կայացած ընտրություններում, նախնական արդյունքներով հաղթանակ է տարել ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուն՝ Սարգիս Արամյանը` հավաքելով 1274 ընտրողի ձայն: ԲՀԿ թեկնածու Վազգեն Խաչատրյանն ստացել է 917 ձայն, իսկ Վորոշ Խաչատրյանը, ում, ըստ որոշ տեղեկությունների, աջակցում էր Թալինի նախկին քաղաքապետ, Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր ընտրված Մնացական Մնացականյանը, ստացել է 840 ձայն: Անկուսակցականներ Գագիկ Կարապետյանը և Էդվարդ Գրիգորյանը ստացել են համապատասխանաբար` 190 և 28 ձայն: