ՇՊԱԿ-ի հայտարարությանն արձագանքել է միայն Անշարժ գույքի պետական կոմիտեն
Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի (ՇՊԱԿ) նախագահ Մարատ Ատովմյանի վերջին հայտարարությանը, թե Երևանում քաղաքացիները հիմնականում դժգոհում են կադաստրից, ոստիկանությունից, քաղաքապետարանից, արձագանքել է միայն ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի պետական կոմիտեն:
«Իրենք հետաքրքրված էին` իմանալ, թե ինչ դժգոհություններ ունեն քաղաքացիները կադաստրի մարմիններից: Մենք հանդիպեցինք, ներկայացրինք խնդիրները», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց Ատովմյանը:
Նա պատմեց, որ այցելել են կադաստրի Արաբկիրի տարածքային կառույց, ծանոթացել աշխատանքներին: «Մենք հետևեցինք, տեսանք բարեփոխումների արդյունքում ձևավորված ստորաբաժանման գործունեությունը, այնտեղ ներդրված էին տեխնիկական ժամանակակից միջոցներ»,-փոխանցեց Ատովմյանը` հույս հայտնելով, որ բարեփոխումները կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը:
Մեր դիտարկմանը, թե Ատովմյանը պնդում էր, որ ՇՊԱԿ-ը դիմումներ է ստանում քաղաքացիներից կադաստրի վատ գործունեության մասին, սակայն ինքը տեսել է բարեփոխումների մեջ գտնվող կառույց և հարցին, թե արդյոք հակասություն չի՞ ստացվում, ՇՊԱԿ տնօրենը պատասխանեց. «Կադաստրի վերաբերյալ ստացած մեր դիմումների որոշ մասը վերաբերում են նախորդ տարիներին և մարդիկ համարում են, որ ժամանակին Կադաստրի աշխատակիցները ընդհուպ մինչև կեղծիքներ են կատարել փաստաթղթերում, կեղծ վկայականներ են տվել»:
Ատովմյանի ներկայացրած տվյալներով, 2011 թվականի օգոստոսից մինչև այս տարվա հուլիսն ընկած ժամանակահատվածը ընդհանուր առմամբ դիմել է 1660 քաղաքացի ամենատարբեր` քաղաքացիաիրավական և իրավական այլ բնույթի խնդիրներով: Պետական մարմինները, որոնցից քաղաքացիները դժգոհում են ՇՊԱԿ-ին, եղել են Երևանի քաղաքապետարանը, սոցիալական ապահովության տարածքային մարմինները, ոստիկանության անձնագրային վարչությունը և ճանապարհային ոստիկանությունը, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունները (ԴԱՀԿ):
«Ցանկալի կլիներ, որ նման համագործակցություն լիներ նաև պատկան մյուս կառույցների կողմից, հնարավորություն լիներ, որ հասարակական կազմակերպությունները հասարակական վերահսկողություն կարողանային իրականացնել պետական մարմինների նկատմամբ», -հավելեց Մարատ Ատովմյանը:
Կոռուպցիա. «Ձերբակալությունները զսպիչ նշանակություն ունեն, սակայն դա խնդրի լուծում չէ»
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան