Հայաստանում արժանապատիվ կյանքն ապահովված էր, մնում էր ապահովել արժանապատիվ մահը. Նոր հայեցակարգ
Հայաստանի կառավարությունը մտադիր է ապահովել Հայաստանի քաղաքացիների արժանապատիվ մահը և օգոստոսի 9-ին կայանալիք կառավարության նիստում սպասվում է, որ քննարկվելու է Հայաստանի Հանրապետությունում պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության հայեցակարգը: Կառավարության կայքէջում դրված հայեցակարգի նախագծից տեղեկանում ենք, որ պալիատիվ օգնությունը «ակտիվ համակողմանի արհեստավարժ օգնությունն է պացիենտին, որոնց մոտ առկա է հիվանդությունների առաջընթաց, դրանց զարգացման վերջին փուլում»:
Ըստ հայեցակարգի, բուժօգնության այս տեսակը վերջնական փուլում գտնվող արագ զարգացող հիվանդություններով տառապող տղամարդկանց, կանանց և երեխաներին օգնում է հասնելու կյանքի լավագույն որակի մինչև մահը, ըստ որում նման օգնությունն ուղղված չէ մահվան գալու ոչ կրճատման և ոչ երկարացմանը:
Հայեցակարգի ընդունումը, ըստ առողջապահության կազմակերպիչների, պայմանավորված է նրանով, որ մարդը պետք է հնարավորություն ունենա ոչ միայն արժանապատիվ ապրելու, այլև արժանապատիվ մահանալու, որը վերաբերվում է ֆիզիկական և հոգեկան տառապանքներից ազատվելու գործընթացին:
«Մահացողի վերջին ամիսները, շաբաթները և նույնիսկ օրերը հանդիսանում են նրա կյանքի անբաժանելի և կարևոր մասը: Տարիմաստորեն բժշկության զարգացման ընթացքն ինքը բազմապատկում է իրադրությունները, երբ պացիենտները բավական երկար ժամանակ հայտնվում են կյանքի և մահվան վիճակում: Այն դեպքում, երբ շատ երկրներում առողջապահությանը հատկացված բյուջեի մեծ մասը ծախսվում է մարդկաց կյանքի վերջին տարիների վրա, այնուամենայնիվ միշտ չէ, որ ապահովվում է հիվանդների կարիքներին համապատասխանող խնամք։ Պալիատիվ օգնությունն ուղղված չէ կոնկրետ հիվանդություններին և տևում է ախտորոշման պահից մինչև կորուստը. այն կարող է տևել մի քանի տարուց մինչև մի քանի շաբաթ կամ օր», -ասված է գործադիրի անդամների դատին ներկայացվելիք հայեցակարգում։
Պալիատիվ օգնությունն ընդգրկում է հետևյալ հիմնական կողմերը՝ ախտանիշների կառավարում, հոգեբանական, հոգևոր և հուզական աջակցություն, աջակցություն ընտանիքի համար, կորստի շրջանի աջակցություն։