Հենրիխ Մխիթարյան. «Պետք է շարունակենք նույն ոգով և չգցենք տեմպը»
Լուցկի «Վոլինի» հետ արտագնա խաղում Դոնեցկի «Շախտյորը» հաղթանակ տոնեց 4:0 հաշվով, իսկ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դարձավ երկու գոլի հեղինակ: Թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայ ֆուտբոլիստին ճանաչել է հանդիպման լավագույն խաղացող, իսկ Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո պատասխանել է ակումբի մամուլի ծառայության թղթակցի հարցերին: Ի դեպ, մեր ընտրանու լիդերն այժմ 5 գոլով Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուն է:
- Դու միշտ ասում ես, որ քեզ համար առաջին տեղում թիմն է: Բայց միևնույն ժամանակ 5 գոլ ես խփել 4 տուրում:
- Միշտ թիմն է հաղթում կամ պարտվում: Այս հաղթանակն ու 3 միավորը շատ կարևոր էին մեզ համար: Ամենագլխավորն այն է, որ շարունակենք նույն ոգով և չգցենք տեմպը: Եթե ամեն ինչ այսպես ընթանա, մենք 100 տոկոսով պատրաստ կլինենք Չեմպիոնների լիգային: Տա Աստված` ամեն ինչ լավ լինի այդ հանդիպումներում:
- Դուք սպասո՞ւմ էիք, որ «Վոլինն» այսպիսի դիմադրություն ցույց կտա:
- Կարող եմ ասել, որ մրցակիցը շատ լավ խաղաց, փոխեց խաղաոճը, ամեն ինչ արեց` փոխանցումների օգնությամբ պաշտպանությունից դուրս գալու համար: Բայց կարծում եմ, որ մենք ավելի ուժեղ էինք:
- Նախկինում «Վոլինը» գործում էր նվիրվածության հաշվին: Այսօր այդ նվիրվածությունն ավելի քի՞չ էր:
- Ոչ, նվիրվածությունը, ինչպես միշտ, բարձր մակարդակի վրա էր: Բայց մենք շատ լրջորեն էինք պատրաստվել խաղին: Միստերն ասաց, որ եթե գոլ չխփենք և թուլանանք, նրանք կարող են պատժել մեզ: Հիանալի հիշում էինք անցած տարվա ծանր խաղերը, ուստի չթուլացանք ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ գոլից հետո, այլ ձգտում էինք ավելի ու ավելի շատ խփել: