ԻԻՀ ԱԳ փոխնախարար. Իրանը պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին
Իրանը Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ ունեցած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԻԻՀ ԱԳ Ասիայի և Օվկիանիայի հարցերով փոխնախարար Աբբաս Արաղչին:
Իրանցի բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ Իրանը, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հետ ունենալով ընդհանուր սահման, բնական է, որ անհանգստանում է հակամարտության շփման գծում առկա լարվածությամբ:
ԻԻՀ ԱԳ փոխնախարարը, խոսելով Ադրբաջան-Իսրայել հարաբերությունների մասին, ասել է. «Չի կարելի ասել, թե Իրանն անհանգստացած չէ Ադրբեջանի և Իսրայելի միջև առկա ռազմական համագործակցությամբ. Մենք մեր լուրջ անհանգստությունը փոխանցել ենք ադրբեջանական կողմին, վերջինս էլ հավաստիացրել է, թե դա ուղղված չէ Իրանի դեմ»:
Այն հարցին, թե ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադն արդյո ՞ք կմասնակցի Բաքվում կայանալիք ԷԿՕ-ի անդամ երկրների ղեկավարների համաժողովին, Աբբաս Արաղչին պատասխանել է. «Չմասնակցելու որևէ պատճառ չենք տեսնում, եթե, իհարկե, այդ ժամանակ չմասնակցելու որևէ պատճառ ի հայտ չգա»:
Աբբաս Արաղչին, անդրադառնալով Ադրբեջանի տարածքում ամերիկյան ռադարային համակարգերի տեղակայման մասին հարցին, նշել է. «Մենք ներկայում լրջորեն ուսումնասիրում ենք այս հարցը. Եթե զգանք, որ այդ շշուկները լուրջ են, ապա խնդիրը կներկայացնենք ադրբեջանական կողմին»:
Նախորդող տեղեկատվություն՝ Իրանցի պատգամավորը խոսել է Ադրբեջանի դեսպանին կրկին ԱԳՆ կանչելու անհրաժեշտության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան