Մահացած զինվորի մոր ու ոստիկանի միջև վեճ է եղել. Կապիտանը հրել է կնոջը (լրացված)
Կարճաղբյուրի զորամասում, ըստ նախաքննության, էլեկտրահարումից մահացած Տիգրան Օհանջանյանի մոր` տիկին Գոհարի ու ոստիկաններից մեկի միջև այսօր կառավարության շենքի առջև հերթական բողոքի ակցիայի ժամանակ վեճ է առաջացել: Տիկին Գոհարը Panorama.am-ի թղթակցին պատմեց, որ ինքը ցանկացել է նստել շենքի առջև աստիճաններին, սակայն ոստիկանը թույլ չի տվել: «Բռնեց թևիցս քաշեց, հրեց», -ասաց տիկին Գոհարը:
«Երբ մոտեցա, ոստիկանների այս պարիսպը կանգնած էր, Գոհարին երկու ոստիկաներ հրեցին, պագոնավոր, ոտքով խփել էին, ոտքի եղունգը ջարդել, Գոհարին շրջապատել էին ու հրում էին», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում կատարվածը ներկայացրեց ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանության դիմած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մայրը` տիկին Հասմիկը:
Ըստ ներկաների, տիկին Գոհարին հրող ոստիկանը կոչումով կապիտան է եղել և մեր` կառավարության շենքի առջև լինելու ժամանակ, ասացին, որ այդ ոստիկանը գնացել է:
Զինծառայողի հայրը` Սուրեն Օհանջանյանը պատմեց, որ ոստիկանն «անխնա հրում էր»: «Դա բոլորն են տեսել, պատերի վրա հրեց, նա ընկավ, ոտքը վնասել է, հիմա էլ երևում է: Նրան հանձնարարված է դա եղել», -ասաց Օհանջանյան հայրը:
Տիկին Գոհարը ներկայացնելով իր որդու մահվան մանրամասները, ասաց, որ տղային սպանել են 2007-ի օգոստոսի 30-ին: «Ես հիմա ունեմ գերեզման, չունեմ մեղավոր անձ, մահվան պատճառ չկա, պաշտոնական վարկածը եղել է էլեկտրահարում, բայց դատարանով ապացուցվել է, որ դա չի եղել մահվան պատճառը: Ես նկարներ ունեմ, որ դա եղել է գազանաբար սպանություն, այլ ոչ թե էլեկտրահարում, նույնիսկ նախագահը մեզ խոստացավ, որ նոր զինվորական դատախազ է նշանակել, որ պարզեն հանգամքները: Այդ դատախազի աչքի առաջ փորձաքննություն անցկացվեց, և պարզվեց, որ այնտեղ, որտեղ կատարվել է սպանությունը, նա էլեկտրահարում չէր կարող ստանալ: Էլեկտրահարման գործը հետ են ուղարկել, բայց ասում են, որ կա դատաբժշկական փորձաքննություն, որ այդպես է եղել: Բայց որտեղ է սպանվել իմ տղան, հայտնի չէ, 2 տարի է արդեն, գործը նախաքննության փուլում է: Այսօր մենք կանգնած էինք, ես որոշեցի աստիճաններին նստեմ, որովհետև վատառողջ եմ, ոստքս ցավում էր, ուզում էի նստած բողոքի ակցիա անցկացնեմ, ասեցին, որ չեք գնալու աստիճանների մոտ: Ինչո՞ւ, ո՞ւմն են այդ աստիճանները, եթե այդ դատախազները ու պաշտոնյաները չեն ուզում, որ այստեղ լինենք, թող մեր հարցին լուծում տան: Ոստիկանը, որ հրել էր, անցյալ անգամ էլ է ինձ հրել, մենք որոշել էինք ներս մտնել, չթողեցին, դաժանաբար հրեցին, իմ ամուսինն էլ է ներկա եղել, ես միայն ասել եմ, մի հրի», -հուզված պատմում էր մայրը:
Նշենք, որ յուրաքանչյուր հինգշաբթի, կառավարության նիստի օրերին, խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերն ու հարազատները հավաքվում են և բողոքի ակցիա կազմակերպում կառավարության շենքի առջև: Նրանք պահանջում են պատժել իրենց որդու մահվան համար մեղավորներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա