ԼՂ հարցը պետք է ՌԴ և ՀՀ նախագահների քննարկման առարկա լիներ. վերլուծաբան
Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման համար, բացի տարածաշրջանային հարցերից, կարևորագույն խնդիր էր նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Եվրոպական Ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը` վերլուծաբանի տեսանկյունից ներկայացնելով երկու դաշնակից երկրների ղեկավարների` Մոսկվայում տեղի ունեցած երեկվա հանդիպումը:
«Նախագահական վերջին ընտրություններից հետո ՌԴ-ն դեռևս աչքի չի ընկել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում սեփական նախաձեռնությամբ։ Սա առաջին հանդիպումն էր երկու երկրների նախագահների՝ Ռուսաստանում Վլ.Պուտինի վերընտրվելուց հետո։ Բնականաբար, շատ-շատերը քննարկում էին այն հարցը, թե կլինի՞ արդյոք Ռուսատանը նույն կարգի ակտիվ իր սեփական նախաձեռնությունում, ինչպիսին կար վերջին տարիների ընթացքում։ Բնականաբար, այս հարցը պետք է լիներ քննարկման առարկա և այս հարցի շուրջ պետք է ուղղակի ժամացույցները ստուգվեին»,- հավելեց Բեքարյանը:
Վերլուծաբանն ընդգծեց, որ երկու երկրների նախագահների հանդիպման համար օրակարգային հիմնական խնդիրները, բնականաբար, պետք է կապված լինեին Սիրիայի, Ղարաբաղի, տարածաշրջանային կտրվածքով անվտանգության և ուժերի հավասարակշռման խնդիրներ հետ։ Բացի այդ, նրա ներկայացմամբ, նախագահները քննարկել են գործընկերության հնարավորությունները ռազմաարդյունաբերական ոլորտում կադրերի նախապատրաստումը: