Կառավարությունը չի կարող խախտել եզդի աղջիկների կրթության իրավունքը. Կոչ կառավարությանը չփոխել օրենքը
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհուրդը քննադատել է օրերս Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի հայտարարությունները` ամուսնության շեմը օրենսդրորեն բարձրացնելու կառավարության նախաձեռնության մասին: Կազմակերպության խորհրդի տարածած հայտարարության մեջ նշվում է հետևյալը.
«Վերջին օրերի եզդիների ինքնահռչակ «առաջնորդ» Ազիզ Թամոյանի հայտարարությունները ստիպում են մտածել, որ տվյալ անձնավորությունը կամ հոգեկան հիվանդ է, կամ էլ բարոյազուրկ մարդ: Ինչպես կարելի է տասնութ տարեկան աղջկան իր տարիքի համար վատ աչքով նայել: Մենք հորդորում ենք, որ Ազիզ Թամոյանը իր ընտանիքում հաստատված ավանդույթով չվիրավորել բազմաթիվ եզդի աղջիկների: Դա մեզ համար անթույլատրելի է: Ազիզ Թամոյանը ուղղակի ոչնչություն է եզդի համայնքում, ով գործիք է ինչ որ ուժերի ձեռքին և հակաազգային գործունեություն է ծավալել:
Նպաստել որպեսզի եզդի աղջիկների մի մասը անկիրթ մնա, անգամ դպրոցը չավարտելով ամուսնանա` սա միանշանակ մեր կողմից կդիտարկվի որպես ազգային խտրականություն: Կառավարությունը չի կարող խախտել եզդի աղջիկների կրթության իրավունքը: Հավաստիացնելով, որ եզդի համայքնի գոնե մեծամասնության մոտ այդ քարեդարյան ավանդույթը այլևս չի գործում, ՀՀ Կառավարությանը կոչ ենք անում ոչ մի փոփոխություն չկատարել այդ օրենքում: Իսկ եթե վարչապետ Տիգրան Սարգսյանը մտահոգված է եզդիների խնդիրներով, ապա կխնդրենք անդրադառնալ այն խնդիրներին, որոնք իրականում մեծ նշանակություն ունեն եզդի համայնքի համար: Իսկ այդպիսի խնդիրները շատ են: Պարոն Վարչապետ գնացեք և տեսեք ինչ վիճակում են եզդիական գյուղերը, տեսեք թե ինչ մակարդակի կրթություն են ստանում եզդի երեխաները եզդիական գյուղերում:
Եվ եթե դուք Ազիզ Թամոյանի նման անձնավորության կարծիքը համարում եք եզդի ազգի կարծիքը, ապա մենք կհամոզվենք, որ եզդի երիտասարդների և առաջին հերթին աղջիների անկիրթ լինելը ձեռնտու է հենց Հայաստանի Հանրապետության իշխանություններին և սա պետական քաղաքականություն է»:
Կառավարությունը օրենսդրությամբ ամրագրեց, որ Հայաստանում ամուսնության շեմը չեպտք է ցածր լինի 18 տարեկանից և' աղջիկների, և' տղաների համար, ինչը սական, Հայաստանի Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը քննադատաբար ընդունեց` հայտարարելով, որ իրենց մոտ աղջիկները շուտ են ամուսնանում, իսկ 18 տարեկան աղջիկն արդեն «պառավ է»:
Այսօր կառավարութան նիստում, սակայն, անսալով Թամոյանի դիմումներին, վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց վերանայել օրենքը և, եթե հնարավոր է, փոփոխություններ կատարել դրա մեջ:
Կառավարությունը խաթարում է եզդիների բնական կյանքը. Ամուսնության շեմը Հայաստանում կվերանայվի