«Հարսնաքար»-ի գործը բաժանվել է երկու մասի
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում հունիսի 17-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով հավաքվել են բավարար ապացույցներ մեղադրյալներ Գարիկ Մարգարյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի, Արթուր Բաբլոյանի և Դավիթ Ադամյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու համար, ուստի 2012 թ. օգոստոսի 8-ին քրեական գործից վերջիններիս վերաբերյալ մասն անջատվել է, որի նախաքննությունն ավարտվել է և քրեական գործի նյութերը տրամադրվել են կողմերին` դրանց ծանոթանալու նպատակով: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, նկատի ունենալով, որ գործով տվյալներ են ստացվել այն մասին, որ կատարված հանցագործությանը, բացի հիշատակված մեղադրյալներից, մասնակցել են նաև այլ անձինք, վերջիններիս պարզելու ուղղությամբ շարունակվում են կատարվել համապատասխան քննչական գործողություններ և ձեռնարկվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Այժմ այդ գործով կալանքի տակ են «Հարսնաքար» ռեստորանային համալիրի 6 աշխատողներ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի «Մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելը անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ», 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի «Մի խումբ անձփանց կողմից երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը», ինչպես նաև 118-րդ հոդվածի` «Ծեծը» հատկանիշներով: