«Հրապարակ». Ծառուկյանի ազգականների շրջանում ռոտացիա է սպասվում
Երեկվանից Աբովյանի քաղաքապետարանի շենքը գրեթե դատարկ էր: Քաղաքապետը՝ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանը, առավոտից շենքում չէր, բջջայինն էլ անջատել էր: Նրա օգնականները, խորհրդականը, քարտուղարն ու քարտուղարուհին՝ բոլորը տեղում չէին, կարծես արդեն եկել էր նոր քաղաքապետը, և իրենք բոլորն աշխատանքից ազատված են: Հիմնարկում այսպիսի լքված վիճակներ լինում են այն ժամանակ, երբ շեֆին նրա շեֆը կամ հեռացրած է լինում, կամ էլ նրա «հարցը դրած»: Աբովյանի քաղաքապետի դեպքում «հարցը դնողը» ԲՀԿ նախագահ Ծառուկյանն է: Դեռևս ԲՀԿ-ն պաշտոնապես չի հայտնել, թե ում է առաջադրելու որպես քաղաքապետի թեկնածու. գրել է «Հրապարակը»:
«Բայց Աբովյանում թերթեր են կարդում, և շարքային աբովյանցին էլ գիտի, որ քաղաքապետի աթոռին կտրուկ հարստացած Գուլոյանը զրկվել է աներոջ բարեհաճությունից և ոչ մի կերպ չի կարողանում համոզել նրան, որ այս անգամ էլ իրեն օգնի աթոռին բարձրանալ: Կարո Գուլոյանի մասին պատմում են, որ Աբովյան քաղաքն ու Աբովյանի քաղաքապետարանն իրար հետ կապ չունեն, որ նրան բարև տալուց բարև չեն առնում, միջոցառումների էլ գալիս, 10 րոպե երևում-գնում է: Կարո Գուլոյանին համեմատում են նախկին քաղաքագլխի՝ Իսրայելյանի հետ, ով նույնպես Կարո էր, բայց անմիջական էր և շփվող: «Եթե մեր քաղաքապետի դեմքը «Արդյոք ովքե՞ր են» հաղորդմամբ ցույց տան, աբովյանցիները նրան չեն ճանաչի»,- վստահեցնում են քաղաքացիները: Թե իր բարեկամներից որ մեկին է այս անգամ ձեռք մեկնելու առյուծների տիրակալը, առայժմ հայտնի չէ: Ակտիվորեն շրջանառվում է «Պալաչ» մականունով սանիկի՝ Արթուր Հարությունյանի անունը: Այս մականունը նա վաստակել է դեռևս այն ժամանակ, երբ Ծառուկյանի թիկնապահն էր և նրա ասելով «նակազատ» էր անում չարություն անողներին: Արթուր Հարությունյանը վերջերս նեղ շրջանակում քաղաքապետ առաջադրվելու մտադրություն է հայտնել, իսկ այժմ ընտանիքով գտնվում է Թբիլիսիում: Աբովյանում, սակայն, Պալաչի շանսերը մեծ չեն: Անգամ Գագիկ Ծառուկյանից դժգոհների ձայները նրան չի հաջողվելու հավաքել: …Ինչևէ, ոչ Ծառուկյանի սանիկը, ոչ էլ փեսան առայժմ չեն հանդգնում հրապարակային հայտարարություններ անել իրենց առաջադրման մասին: Կարելի է ենթադրել, որ նրանք շատ են կասկածում, որ վերջինիս օգնությանը կարժանանան: Նման հայտարարություն արել է միայն Ծառուկյանի մորաքրոջ տղա, Վերահսկիչ պալատի աշխատակից Էդվին Թադևոսյանը: Նա ասել է, որ դեռ հարյուր տոկոս չի որոշել, որ կառաջադրվի, բայց «ժողովուրդն է առաջարկում», և ինքը վերջնական որոշման կհանգի, «եթե ժողովուրդն ավելի ոգևորված պահանջի»: Այս հայտարարությունը մյուս հավակնորդների քար լռության ֆոնին կարող է երկու բան նշանակել. կամ «առաջարկողը» Ծառուկյանն է, ով այլևս «պաշտամունքի առարկա» չլինելով աբովյանցիների համար, այնուամենայնիվ շարունակում է եղանակ ստեղծել, կամ էլ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն այսկերպ կոմպրոմիսային տարբերակ են գտել: Ծառուկյանի ազգական լինելով՝ Էդվին Թադևոսյանը նաև պետական պաշտոնյա է, հետևապես, «իշխանության մարդն» է»,-գրել է թերթը: