Կ. Բեքարյան. Որևէ արձակուրդ չէր կարող հետաձգել այս հանդիպումը
«Իհարկե անհրաժեշտություն կար և կային խնդիրներ, որոնք առավել քան արդիական էին: Այդ խնդիրներից առաջինը և հիմնականը Սիրիայում տիրող իրավիճակն է և զարգացումները Սիրիայի շուրջ»,- անդրադառնալով օրերս տեղի ունեցած ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
Խոսելով հանդիպման կարևորության մասին, նա նշեց. «Բոլորս շատ լավ գիտենք, որ Հայաստանի համար Սիրիան բարեկամ երկիր է, բարեկամ ժողովուրդ, որը ժամանակին ընդունել է հայ գաղթականներին, և մենք այդտեղ ունենք ոչ միայն քաղաքական շահեր, այլև իրական ջերմ զգացողություններ: Երկրորդ էական հանգամանքը` սիրիահայ բազմահազարանոց համայքն է, որը փաստացի կարող է հայտնվել բավական ծանր իրավիճակում: Իրոք, մտածելու տեղիք կա, և պետք է պատրաստ լինել ցանկացած իրադարձության: Երրորդ` Սիրիային առնչվող իրադարձությունները երկրի լոկալ իրավիճակից դարձել են տարածաշրձջանային խնդիրներ և հիմա էլ գնալով ամեն ինչ ավելի սրվում է»:
«Հիմա, այս ամեն ինչին զուգահեռ փորձենք հասկանալ Հայաստանի դերակատարությունն ու խնդիրները: Տեսեք, այս ամենը տեղի է ունենում մեր անմիջական հարևանությամբ: ՀԱՊԿ-ի շրջանակներում հարավային ուղղության պատասխանատուն մենք ենք` մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ միասնին: Եվ եթե կա տարածաշրջանային այսպիսի խնդիր, բնական չէ՞ արդյոք, որ այն պետք է առաջացնի կոնսուլտացիաների անհրաժեշտություն: Այս հանդիպման կտրվածքով ես կարծում եմ, որ տարածաշրջանային զարգացումները, դիրքորոշումների հստակեցումը առաջնային խնդիրներ էին»,- հավելեց Կ. Բեքարյանը:
Նա նաև նշեց, որ հարցեր են առաջանում` կապված Հարավային Կովկասում ուժերի բալանսի հետ: Կան երկրներ, որոնք սիրիական պղտոր ջրում ձուկ են բռնում:
«Ուշադրություն դարձրեք Ադրբեջանի արած բազմաթիվ հայտարարություններին: Իրադարձություններն այնպես են զարգանում, որ որևէ արձակուրդ` ո'չ մեր, ո'չ ՌԴ նախագահի պարագայում, չէր կարող այս հանդիպումը հետաձգել»,- հավելեց բանախոսը:
Անդրադառնալով այն լուրերին, թե նախագահների հանդիպումից առաջ շրջանառվում էր այն կարծիքը, որ հանդիպումների գլխավոր թեման լինելու է Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու խնդիրը, քաղաքագետը նշեց. «Երկու նախագահներն էլ նշում են, որ հանդիպումը շատ լավ առիթ եղավ անդրադառնալու երկկողմ հարաբերությունների ողջ լայն շրջանակին: Ենթադրելի է, որ ռազմավարական գործընկերոջդ հետ ունես հարցերի բավականին մեծ բլոկ: Արդյոք այդ հարցերի մեջ չկա՞ Եվրասիական միությունը: Իհարկե կա: Այլ է խնդիրը, որ փորձ արվեց քաղաքական տարաբնույթ մանիպուլյացիաներին տուրք տալ:
Նա բնական է համարում այն, որ Հայաստանի և Ռուսաստանի նման երկրների պարագայում գոյություն ունեն հարցեր, որոնք գաղափարից կիրառության անցնելու կամ դետալիզացիայի փուլում են, ուստի անդրադարձ է եղել նաև այդ խնդիրներին:
Բայց ասել, որ դա էր առիթը, դա էր պատճառը, դա էր օրակարգի առաջին կետը, չեմ կարծում, որ այդպես է»,- նշեց քաղաքագետը:
Եվրասիականության հետ կապված մոտեցումների մասին խոսելով` Կ. Բեքարյանն անդրադարձավ նախագահների հայտարարություններին և նշեց. «ՀՀ վարչապետի կողմից ասվեց, որ մենք այդ հարցում ունենք որոշակի յուրահատկություն: Մենք մաքսային պայմանագրի ներքո գտնվող երկրների հետ ընդհանուր ցամաքային սահման չունենք:
Հիմա շատ հետաքրքիր էր, որ ՌԴ նախագահն իր խոսքում անմիջականորեն ասաց, որ պետք է հաշվի առնենք Հայաստանի սպեցիֆիկ վիճակը, այն է` նրա ցամաքային սահման չունենալը մաքսային գոտու երկրների հետ: Ելնելով դրանից, մենք փորձում ենք հարցին նայել մի փոքր այլ կտրվածքով` ինչ մեխանիզմներ և գործիքներ կաշխատեն և որոշել ենք խառը հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի դաշտը երեքի միջև և կփորձի հասկանալ դրանցից ինչն է կիրառելի Հայաստանի պարագայում»,- Վ. Պուտինի դիրքորոշումը մեկնաբանեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահը:
Այնուհետև, պատասխանելով գազի գնի հստակեցման մասին Panorama.am-ի հարցին, Կ. Բեքարյանը նշեց. «Գազի գին չհայտարարվեց, որովհետև գազի գնի որոշում չկա, բայց փոխարենը շատ հստակ արտահայտվեց, որ գազի գնի գոյացման և ամրագրման սկզբունքերի շուրջ կա պայմանավորվածություն: Այդ սկզբունքերը հանդիպումից հետո հրապարակվեցին: Առաջին` գազի համաշխարհային շուկայական գինը, երկրորդ` ընկալումը, որ մեր լոկալ տարածաշրջանում` Հայաստան և հարևաններ, գազի գինը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին, և հետևաբար, որպեսզի գազի գնի գոյացումը լինի արդարացի, ճիշտ և բնական, պետք է հաշվի առնել այս տարածաշրջանի իրողությունները: Երրորդ` Հայաստանի տնտեսության արդյունավետությունը` կապված գազի գնի հետ: Գումարած դրան մի հատ էլ չորրորդ հարակից գործոնը կա, որ Ռուսաստանի Դաշնությունը և նրա նախագահը հստակ շահագրգռված են Հայաստանի Հանրապետության նորմալ, բնականոն, մրցակցային զարգասցման և կայուն առաջընթացի մեջ: Սա նշանակում է, որ մենք պետք է իրողությունները հաշվի առնենք և չդնենք այնպիսի իրավիճակի մեջ, որի արդյունքում հետ ընկնի երկրի նորմալ զարգացումը: Այս առիթով, ի դեպ, ՀՀ Նախագահը շնորհակալություն հայտնեց` այն անվանելով իրական, գործընկերային մոտեցում: Կարելի է ասել, որ գազի գնի գոյացման սզբունքները մշակված են, բայց հետագա ընթացքը, կոնսենսուսի գալը դեռ սպասվում է»:
Բանախոսն անդրադարձավ նաև Սիրիայից ռուսական ռազմաբազայի դուրս բերման մասին խոսակցություններին և կարծիք հայտնեց, որ ռազմաբազայի դուրսբերումը դիտարկելը դեռ շատ վաղ է:
«Չեմ կարծում, որ ՌԴ-ն այնտեղ ռազմակետ ունենալու հետ կապված շահեր չունի և չեմ կարծում, որ այդպես հապճեպ որոշում կընդունվի այնտեղից հենակետը դուրս բերելու մասին: Այլ հարց է, որ սա պետք է դիտարկել որպես իրադարձությունների ոչ հավանական, բայց հնարավոր զարգացում»,- նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով ՀՀ-ում գտնվող ռուսական ռազմաբազային, նա ասաց. «Ռուսական ռազմաբազայի առկայությունը Հայաստանում բխում է երկու երկրների շահերից էլ: Պատահական չէր նաև, որ մամլո հաղորդագրություններում ՀՀ նախագահը խոսեց ռազմաարդյունաբերական համագործակցության զարգացման հնարավորության և ռազմաբազայի մասին: Սա խոսում է այն մասին, որ ռուսների հետ համագործակցությունը կողմերից յուրաքանչյուրի համար ունի ռազմավարական բնույթ և իմաստ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա