Ի՞նչ ճակատագիր է սպասվում Մնացական Մնացականյանին
Թալինի քաղաքապետի ընտրություններում նախկին քաղաքապետ և այժմ Հանրապետական կուսակցության օժանդակությամբ Ազգային ժողովի պատգամավոր դարձած Մնացական Մնացականյանի ինքնագործունեությունը, ամենայն հավանականությամբ, թանկ կնստի նրա վրա: Մնացականյանի պատգամավոր ընտրվելուց հետո օգոստոսի 5-ին Թալինում տեղի ունեցած քաղաքապետի արտահերթ ընտրություններում Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես հայտարարել էր, որ առաջադրում և սատարում է կուսակցական Սարգիս Արամյանի թեկնածությունը: Սակայն Մնացական Մնացականյանը չի ենթարկվել կուսակցության որոշմանը և Թալինի քաղաքապետի ընտրություններում պաշտպանել ու աջակցել իր թեկնածուին` քաղաքապետարանի աշխատակից Վորոշ Խաչատրյանին:
Կուսակցականների նման վարքը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով, Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ երբ կուսակցությունն այս կամ այն հարցի հետ կապված որոշում է ընդունում, ապա բոլոր կուսակցականները պարտավոր են կատարել ու գործել կուսակցության վերադաս մարմինների որոշումների հիման վրա:
«Տարբեր թեկնածուների առաջադրման շուրջ կուսակցականները կարող են տարբեր կարծիքներ ունենալ, սակայն կուսակցության որոշումից հետո բոլորը պարտավոր են առաջնորդվել կուսակցության որոշումներով», -նկատեց Շարմազանովը:
Նա ասաց, որ Հանրապետական կուսակցությունը Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում յուրաքանչյուր համայնքի ղեկավարի ընտրությանը «շատ լուրջ և համակողմանի» է մոտենում: «Բավականին մանրամասն քննարկումներ ենք տանում հնարավոր թեկնածուների հարցում: Մենք առաջադրում ու պաշտպանում ենք այն թեկնածուներին, ում վստահում են տեղի բնակիչները»,- հավելեց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության կանոնադրությամբ, կուսակցության անդամը պարտավոր է կատարել կուսակցության վերադաս մարմնի որոշումները, իսկ չկատարելու դեպքում կուսակցականը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության` կամ նկատողության, կամ խիստ նկատողություն կամ պարզապես հեռացվի կուսակցության շարքերից:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան