«Բազեն» մեկնարկում է
Օգոստոսի 13-19-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Ծաղկաձորում կանցկացնի «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, «Բազե» հավաքին կմասնակցեն Հայաստանից, Ջավախքից, սփյուռքից և Լեռնային Ղարաբաղից 42 ջոկատներ` յուրաքանչյուրում յոթ մասնակից: Հավաքի ընթացքում 18-30 տարեկան շուրջ 400 երիտասարդներ, համախմբվելով ՀՀ պետական դրոշի գույների ներքո, ուժերը կչափեն մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ ու մշակութային մրցույթներում, ինչպես նաև հանդիպումներ կունենան ՀՀ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ։
Հավաքի մարզական ծրագրում նախատեսված են սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, վոլեյբոլ, ձեռքի ուժ, ֆուտբոլ, լող, ազգային խաղեր մրցաձևերը։ Մշակութային հատվածում երիտասարդները կմրցեն երգ, պար, նորաձևություն, նկարչություն մրցույթներում։ Կանցկացվեն նաև ՙԲրեյն ռինգ՚ և ՙԲազե-բանալի՚ ինտելեկտուալ խաղերը։
Այս տարվա «Բազե» երիտասարդական հավաքին ավելացել է բուհերի ջոկատների թիվը։ Առաջին անգամ ջոկատներ կընդգրկվեն նաև մարզերում գործող բուհերից, ինչպես նաև՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից։
Նշվում է, որ այս տարին «Բազեի» համար խորհրդանշական է. լրանում է հավաքի տասնամյակը։ 10 տարիների ընթացքում հավաքին մասնակցել է շուրջ 8000 երիտասարդ։ Հոբելյանական հավաքին նախատեսված է տոնական ծրագիր, կլինեն հանդիպումներ հին բազեականների հետ: Կցուցադրվի 10-ամյա ՙԲազեի՚ տարեգրությունը ներկայացնող ֆիլմ։