Հաստատվել է Գյումրու ավագանու անդամության թեկնածուի Վարքականոնը
«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության հանրային կապերի խումբը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Օգոստոսի 9-ին «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության 14-րդ ժողովում վերջնամշակումից հետո հաստատվել է նախաձեռնությունից Գյումրու ավագանու անդամության թեկնածուի և ավագանու անդամի Վարքականոնը, իսկ թեկնածություն առաջադրող 7 անդամները, ստորագրելով այն, որոշակի բարոյական պարտավորություններ են ստանձնել ընտրողների և բոլոր գյումրեցիների առաջ:
Այս փաստաթուղթը առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ բարոյական սկզբունքներ է սահմանում համայնքային իշխանության կարևոր հաստատության` Ավագանու անդամի համար, որոնք ուղղված են ընտրապայքարի մրցակցությունը բարեխիղճ դարձնելուն, հասարակական վստահության քվեի չարաշահման և դիրքի չարաշահման դեմ, կոռուպցիայի ռիսկերի նվազեցմանն այս ոլորտում և շահերի բախման առավելագույն բացառմանը: Մասնավորաբար, ըստ այս Վարքականոնի, «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության կողմից ավագանու անդամ դարձած անձինք բացառելու են իրենց կամ իրենց մերձավոր ազգականներից որևէ մեկին ամբողջությամբ կամ մասնակիիորեն պատկանող որևէ կազմակերպության մասնակցությունը համայնքային բյուջեի միջոցներով գնումների և ծրագրերի իրականացման մրցույթներին, նույն խմբերը որևէ ֆինանսական կամ այլ օժանդակություն չեն հավակնելու համայնքային բյուջեից, իսկ համայնքային գործադիր մի շարք պաշտոնյաների (քաղաքապետ, տեղակալներ, աշխատակազմի քարտուղար, բաժինների պետեր) հետ անմիջական ազգակցական կապի ձևավորման դեպքում հրաժարվելու են ավագանու անդամի կարգավիճակից և այլն: Վարքականոնը բաղկացած է 2 գլուխներից և 30 կետից: Այս վարքականոնի նորմերի հսկողությունն իրականացնելու է մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը` օգոստոսի 22-ը ստեղծվելիք Էթիկայի հանձնաժողովը, որն ուսումնասիրելու հնարավոր բողոքները վարքականոնը ստորագրած 7 թեկնածուների վարքի վերաբերյալ ու համապատասխան եզրակացություններ է ներկայացնելու ինչպես քաղաքացիական նախաձեռնության ժողովին, այնպես էլ հանրությանը:
Վարքականոնի սկզբունքներին ամբողջությամբ կամ մասնակիորեն միանալու, կամ իրենց դիրքորոշումը հայտնելու, կամ համանման սկզբունքներ մշակելու առաջարկությամբ «Քաղաքը մերն է» նախաձեռնությունը դիմելու է Գյումրու ավագանու անդամության մյուս բոլոր թեկնածուներին և հրապարակելու է բոլոր արձագանքները:
Օգոստոսի 10-ին ամբողջացավ նախաձեռնությունից Գյումրու ավագանու անդամության թեկնածուների կազմը: «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունից առաջադրման վերջին օրը համապատասխան փաստաթղթերը թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովին ներկայացրեցին 7 հոգի . Լևոն Բարսեղյան, Արտաշես Բոյաջյան, Վահան Թումասյան, Կարինե Մկրտչյան, Գևորգ Պետրոսյան, Կարեն Պետրոսյան, Կարեն Տերտերյան: Այս մարդիկ ծնունդով գյումրեցիներ են, երբեք իշխանություն չեն եղել, զբաղված են հասարակական, գիտական և գործարար ոլորտներում, նրանցից երեքը գիտությունների թեկնածուներ են, բոլորը, բացառությամբ մեկի, տիրապետում են առնվազն երեք լեզվի, հայտնի և ճանաչված են Գյումրիում, կուսակցական է մեկը, տարեցը` 48 տարեկան է, ամենաերիտասարդը` 31, թիմի միջին տարիքը` 39:
Գյումրիում ավագանու անդամության համար առաջադրվեց 72 հոգի, իսկ քաղաքապետի պաշտոնի համար` 5 հոգի, գործող քաղաքապետը չառաջադրվեց»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան