Մեկնարկել է համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարն ընթերցել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովին.
«Ջերմորեն ողջունում եմ համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին:
Հայաստանի Հանրապետությունը, որպես համայն հայության հայրենիք, պարտք և պարտականություն ունի ոչ միայն իր քաղաքացիների, այլև աշխարհասփյուռ ողջ հայության հանդեպ: Հայոց պետականության վերականգնմամբ հայապահպանության խնդիրներն աշխարհում դադարել են լինել միայն սփյուռքի կազմակերպությունների մտահոգությունը: Դրանք բոլորիս հանձնառությունն են: Ավելին՝ հայոց լեզվի նահանջը որոշ գաղթօջախներում սրություն է հաղորդել մեր կրթական հիմնահարցերին:
Մենք խիստ կարևորում ենք նման խորհրդաժողովների անցկացումը, ինչպես նաև սփյուսքահայ կրթական հաստատությունների հետ աշխատելու մյուս՝ ոչ պակաս արդյունավետ ձևաչափերը: Մեր աջակցությունը պետք է լինի համակողմանի և անպայման նկատի առնի տեղական առանձնահատկությունները, որոնք անխուսափելի են հայկական սփյուռքի բազմազանության և սփռվածության պարագայում:
Խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ,
Հայոց լեզվի և հայության դարավոր երթը շարունակվում է՝ հատկապես ձեր ջանքերով և ձեր շնորհիվ: Մաղթում եմ ձեր հայրենանվեր առաքելությունն իրականացնելու նոր ուժ ու եռանդ: Վստահ եղեք, որ ի դեմս հայոց պետականության՝ դուք ունեք հուսալի թիկունք:
Հաջողություն եմ մաղթում խորհրդաժողովի աշխատանքներին, որը ձեր մեծ գործի բաղկացուցիչն է»:
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող խորհրդաժողովներն անցկացվում են երկու տարին մեկ և նպատակ ունեն քննարկել արտերկրում հայկական կրթօջախների հիմնահարցերը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման ուղիները:
Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովին, որը կանցկացվի օգոստոսի 10-14-ը, մասնակցում են շուրջ 150 գործիչներ 25 երկրներից: Նախատեսվում են քննարկումներ 2010 թ. 4-րդ խորհրդաժողովի բանաձևի դրույթների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների, ծրագրամեթոդական առկա հիմնահարցերի, կադրերի պատրաստման և վերապատրաստման, փորձի փոխանակման, Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նախատեսվող միջոցառումների, ինչպես նաև սփյուռքում ազգային կրթադաստիարակչական հետագա քայլերի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան