Օլիմպիական կրակը մարեց...
Ամառային 30-րդ օլիմպիական խաղերը մոտեցան իրենց տրամաբանական ավարտին: Երեկ ուշ գիշեր Լոնդոնի գլխավոր մարզադաշտում տեղի ունեցավ փակման պաշտոնական արարողությունը:
Օրեր շարունակ մղած պայքարում ԱՄՆ-ն 46 ոսկե, 29-ական արծաթե և բրոնզե մեդալներով ընդհանուր հաշվարկում վստահորեն ստանձնեց առաջին հորիզոնականը: Չինաստանի ներկայացուցիչները, ովքեր կարողացան վաստակել 38 ոսկե, 27 արծաթե և 22 բրոնզե մեդալ, գրավեցին 2-րդ հորիզոնականը: Ընդհանուր հաշվարկում լավագույնների եռյակը եզրափակեց կազմակերպիչ երկրի հավաքականը` 29 ոսկե, 17 արծաթե և 19 բրոնզե մեդալով:
Ներկայացնենք ընդհանուր հաշվարկում տեղ գտած լավագույն 10 երկրների արդյունքները.
Պետություն Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1. ԱՄՆ 46 29 29 104
2. Չինաստան 38 27 22 87
3. Մեծ Բրիտանիա 29 17 19 65
4. Ռուսաստան 24 25 33 82
5. Հար․Կորեա 13 8 7 28
6. Գերմանիա 11 19 14 44
7. Ֆրանսիա 11 11 12 34
8. Իտալիա 8 9 11 28
9. Հունգարիա 8 4 5 17
10. Ավստրալիա 7 16 12 35
60. ՀԱՅԱՍՏԱՆ 0 1 2 3
Օլիմպիական այս խաղերում մենք կարողացանք նվաճել 3 մեդալ` 1 արծաթե և 2 բրոնզե`հանգրվանելով 60-րդ տեղում: Պեկինյան օլիմպիադայում, թեև ունեինք 6 մեդալ, սակայն ընդհանուր հաշվարկում զբաղեցնում էինք 80-րդ հորիզոնականը: Մեզ երջանիկ ակնթարթներ պարգևած մարզիկները 3-ն են` հունահռոմեկան ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, ով շատ մոտ էր ոսկե մեդալին, սակայն բավարարվեց արծաթով, նույն մրցաձևում բրոնզե մեդալ նվաճած Արթուր Ալեքսանյանը, և մեր մյուս բրոզե մեդալը վասկատած ծանորդ Հռիփսիմե Խուրշուդյանը: Մեր մարզիկների արդյունքներին մենք դեռևս կանդրադառնանք: Բնականաբար, սպասելիքները մեծ էին, արդյունքները ոչ բավարար, իսկ պատճառներն անթիվ-անհամար...
Ինչևէ, ևս մեկ օլիմպիական խաղեր անցան պատմության գիրկը: Լոնդոնն իսկապես հիանալի նվեր մատուցեց մարզասերներին` կազմակերպչական փայլուն աշխատանքներով և օլիմպիական խաղերի բարձրակարգ մատուցմամբ:
Փակման հանդիսավոր արարողությունը ևս տպավորիչ էր: Գլխավոր մարզադաշտը, որտեղ օրեր շարունակ մարզիկները պայքարում էին ցանկալի մեդալների համար, երեկոյան վերածվել էր գույների հրավառության:
3 ժամ տևողությամբ շոուի գլխավոր իրադարձությունն օլիմպիական կրակի մարումն էր: Կհանդիպենք Ռիո դե Ժանեյրոյում...