Զերծ մնալ անպատասխանատու ասեկոսեների վերատպագրումից. «ԱրմենՏել»-ի կոչը
Վիմպելկոմը չի պատրաստվում հրաժարվել ֆիքսված հեռախոսակապից: «ԱրմենՏել» ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը հերքեց տարածված լուրերը:
«Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ընկերությունը կոչ է անում ԶԼՄ-ներին` զերծ մնալ անպատասխանատու ասեկոսեների վերատպագրումից»,-հարցի վերաբերյալ Panorama.am-ին հայտնեց Ա. Բեղլոյանը:
Նշենք, որ այսօր «Հայկական ժամանակ»-ը, վկայակոչելով շրջանառվող լուրերը, գրել էր. «ԱրմենՏել»-ում պտտվող լուրերի համաձայն, ռուսական ընկերությունը ներկայումս փորձում է գնորդ գտնել և իր մտադրության մասին պաշտոնապես կհայտարարի միայն այն ժամանակ, եթե որևէ ընկերության հետաքրքրի հնարավոր գործարքը: 2006-ին «Վիմպելկոմ»-ը հայկական ընկերության ողջ բաժնեմասի համար հունական OTE ընկերությանը վճարել է 382 միլիոն եվրո: Սակայն, այս գումարը ներառում էր ողջ ընկերությունը, իսկ թե միայն ֆիքսված կապի համար ռուսական «Վիմպելկոմը» որքան գումար է ցանկանում ստանալ, դեռևս հայտնի չէ»: