«Վիմպելկոմ» ընկերությունը ցանկանում է վաճառել «ԱրմենՏել»-ի ֆիքսված լարային հեռախոսակապը
Ըստ շրջանառվող լուրերի, «ԱրմենՏել» ընկերության սեփականատեր ռուսական «Վիմպելկոմ» ընկերությունը ցանկանում է այս աշնանը վաճառել ֆիքսված լարային հեռախոսակապն իր տնօրինման տակ պահելով միայն բջջային կապը: Այս մասին գրել է «Հայկական ժամանակը»:
«Ավելին, «ԱրմենՏել»-ում պտտվող լուրերի համաձայն, ռուսական ընկերությունը ներկայումս փորձում է գնորդ գտնել և իր մտադրության մասին պաշտոնապես կհայտարարի միայն այն ժամանակ, եթե որևէ ընկերության հետաքրքրի հնարավոր գործարքը: 2006-ին «Վիմպելկոմ»-ը հայկական ընկերության ողջ բաժնեմասի համար հունական OTE ընկերությանը վճարել է 382 միլիոն եվրո: Սակայն, այս գումարը ներառում էր ողջ ընկերությունը, իսկ թե միայն ֆիքսված կապի համար ռուսական «Վիմպելկոմը» որքան գումար է ցանկանում ստանալ, դեռևս հայտնի չէ»:
Թերթին չի հաջողվել այս լուրերի վերաբերյալ «ԱրմենՏել»-ից պաշտոնական պարզաբանում ստանալ: