Հերթական սկանդալը՝ ՀԱԿ-ում. Հրանտ Բագրատյանը դարձյալ սեփականաշնորհել է ՀԱԿ հանձնաժողովի հեղինակած նախագիծը
Հայ ազգային կոնգրես դաշինքում նոր խժդժություններ են ի հայտ եկել: Այս անգամ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի շուրջ: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղադրեց 50 կետից բաղկացած օրենսդրական նախագիծ, որոնք պատրաստվում է ներկայացնել ԱԺ աշնանային նստաշրջանում՝ որպես օրենսդրական նախաձեռնություն: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Սակայն մեկ այլ ՀԱԿ-ական մի փոքր նեղսրտել է, որ ապագա բարի գործերի մենաշնորհն իր ձեռքն է վերցրել Հրանտ Բագրատյանը, և նրանից պահանջում է չսեփականաշնորհել նախագիծը, քանի որ դրա վրա աշխատել են մի շարք ՀԱԿ-ականներ, այդ թվում`ինքը: Խոսքը ՀԱԿ անդամ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի մասին է, ով երկու շաբաթ առաջ փակ նամակ է ուղարկել Հրանտ Բագրատյանին և ՀԱԿ քաղխորհրդին` պահանջելով շտկել թյուրիմացությունը և վերոնշյալ նախագիծը ներկայացնել ոչ թե Բագրատյանի, այլ ՀԱԿ-ի անունից»,-գրել է թերթը:
Արիստակեսյանը թերթի հետ զրույցում թեպետ սկզբում զարմացել է, թե ով է ՀԱԿ-ի ներքին խոհանոցը բացել, ապա ասել, որ չի ուզում այդ մասին խոսել, քանի որ դա իրենց խնդիրն է, որը կլուծվի, սակայն չկարողանալով դիմանալ գայթակղությանը՝ ասել է. «Բագրատյանը փորձել է յուրացնել տասնյակ հանձնաժողովականների կատարած աշխատանքը, դա իր մոտ նորություն չէ, նա այդպես սեփականաշնորհեց գիտության ծրագրերը, առողջապահության և այլն, դա սովորույթ է, որովհետև Բագրատյանը մեծամտության մանիայով է տառապում,-ասել է Արիստակեսյանը` նշելով, որ իրականում այդ ծրագրերը ՀԱԿ-ինն են, ոչ թե Հրանտ Բագրատյանինը, այն համապատասխանում է ՀԱԿ նախընտրական ծրագրին և ՀԱԿ-ի կողմից մշակված ծրագրերին, որոնց վրա աշխատել են ՀԱԿ հանձնախմբերը: Դրանք Բագրատյանի հեղինակային ծրագրերը չեն»: