Նաիրա Զոհրաբյան. Երկխոսության առկախման պատճառը փոխադարձ անհամբերությունն էր
Երկխոսության գործընթացի առկախման հիմնական պատճառը անհրաժեշտ համբերության` երկուստեք չդրսևորվան պակասն էր: Panorama.am-ի հարցին, թե ո՞րն էր մեկ տարի առաջ ՀԱԿ-իշխանություն երկխոսության առկախման հիմնական պատճառը, նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Ես չեմ կարծում, որ հիմա ճիշտ է մեղավորներ փնտրելը: Ես կարծում եմ, որ երկուստեք չդրսևորվեց անհրաժեշտ համբերություն, երկու կողմերում էլ գերակշռեց կատեգորիզմը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
«Երկխոսությունն իրապես շատ կարևոր նախաձեռնություն էր: Իհարկե, ճիշտ կլիներ, որ այն ունենար իր տրամաբանական շարունակությունը, չընդհատվեր: Դա, իմ խորին համոզմամբ, երկրում նոր քաղաքական մշակույթ ստեղծելու փորձ էր: «Մարտիմեկյան» իրադարձությաններից հետո, երբ հասարակությունը և քաղաքական դաշտը հայտնվեց բարիկադների տարբեր կողմերում, բաժանվեց հակամարտող ճամբարների, երբ մենք անընդհատ մեր ներսում թշնամիներ էինք փնտրում, երկխոսությունը փորձ էր քաղաքկան բանավեճը բարիկադներից տեղափոխել քաղաքակիրթ հարթակ»,- շեշտեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
Այնուհետև վերջինս հավելեց. «Կրկնում եմ, շատ ճիշտ կլիներ, որ երկխոսությունը շարունակվեր, որովհետև ես վստահ եմ, որ Հայաստանի քաղաքական օրակարգում չկա որևէ հարց, որևէ խնդիր, որը անգամ ամենաարմատական ընդդիմախոսները չկարողանան միմյանց հետ քննարկել: Այնուամենայնիվ, ես ողջունելի եմ համարում այն, որ գոնե հիմա խորհրդարանի մակարդակով նկատելի են տարբեր քաղաքական ուժերի համագործակցության փորձեր: Այս գործընթացը, իմ կարծիքով, պետք է շարունակական բնույթ կրի, որովհետև մենք իրավունք չունենք կրկին անգամ երկփեղկել մեր հասարակությունը»:
Այն հարցին թե այնումենայնիվ, ո՞ր կողմը առավելագույնը քաղեց երկխոսության գործընթացից, Ն. Զոհրաբյանիը նշեց. «Ես չեմ կարծում որ որևէ մեկ ինչ-որ բան շահեց այս գործընթացից: Եթե գործընթացը շարունակվեր, կշահեր հայ ժողովուրդը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները