Ի՞նչ է, դասատուի ասածը բանի տեղ եք դնում. Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչ
Գյումրեցի մի քանի ուսուցիչներ խմբագրությանը դժգոհել են, թե իրենց աշխատավարձերը շարունակ ուշ են ստանում: Այսօր օգոստոսի 15-ն է, բայց կան ուսուցիչներ, որոնք նախորդ ամսվա աշխատավարձը դեռ չեն ստացել:
Խնդրելով չհրապարակել իրենց անուն-ազգանունները, նրանք պատմեցին, որ ուսուցիչներից ոմանք աշխատավարձը ստանում են ամսվա սկզբին ամբողջությամբ, մի մասին այն հասնում է ամսվա կեսերին` այն էլ կիսով չափ, իսկ մի մասն էլ մինչև ամսվա վերջ հույսով սպասում է աշխատավարձին: Օրինակ, մի ուսուցչուհու, որ տեղական հեռուստաընկերություններից մեկի տնօրենի կինն է, պարտադիր կերպով աշխատավարձը փոխանցվում է ամսվա առաջին օրերին ու ամբողջությամբ:
Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Panorama.am-ը դիմեց քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտաշես Կարապետյանին:
Ըստ երևույթին նա շեֆի` դեռ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աշխատասենյակից սրտնեղած էր դուրս եկել, քանի որ մինչ այդ քարտուղարուհին հայտնեց, որ Կարապետյանը քաղաքապետի մոտ խորհրդակցության է:
«Էսօր-վաղը հուլիս են ստանալու, օգոստոսը նոր կես է եղել, ի՞նչ է պատահել որ: Ձեզ ոչ ճիշտ ինֆորմացիա են տվել, ինձ թվում է»,-ասաց մեր զրուցակիցը:
Այն դիտարկմանը, թե նախորդ ամսվա աշխատավարձը պետք է վճարվի հաջորդ ամսվա մինչև տասնհինգը, Կարապետյանը հակադարձեց. «Դե գիտեք ինչ կա, սա համայնքային բյուջե է, գանձումները կատարում է, նոր դրանից տալիս է աշխատավարձ: Մարզպետարան չի, որ սահմանված օրը սահմանված ժամին հանրապետական բյուջեի պարկով գումարը գա ու հանեն բաժանեն: Քաղաքապետարաններում միշտ էլ օրերի տարբերություններ լինում են: Ի՞նչ է պատահել, էսօր նոր ամսի 15-ն է, էսօր է լրանում ժամկետը, կստանան էլի, ի՞նչ է եղել»:
Հարցին, փաստորեն այսօր փոխանցում լինելո՞ւ է, Կարապետյանը նշեց, թե հնարավոր է փոխանցումը «գնում է» այս պահին կամ էլ վաղը «կգնա»:
«Ուսուցիչները նշում են, որ ուշացումները հաճախ ու շատ են լինում» դիտարկմանն էլ քաղաքապետարանի ներկայացուցիչը բավականին բարկացած տոնով հենց այսպես արձագանքեց. «Դե, գիտեք ինչ կա, ուսուցիչներն էլ իրենց հերթին շատ են թերանում, եթե մենք իրենց աշխատանքին նայում ենք ներողամտորեն, նրանք էլ թող մեկ շաբաթվա ուշացումը ներողամտորեն ընդունեն: Շատ բան են ասում, ես տնօրեններին կհրավիրեմ, դուք եկեք տնօրենների հետ խոսեք: Ի՞նչ է, դասատուի ասածը բանի տե՞ղ եք դնում»:
Զարմացած հարցրեցինք, թե` իսկ ուսուցչի ասածները բանի տեղ դնել պե՞տք չէ, Կարապետյանը նույն տոնով շարունակեց. «Դե գիտեք ինչ կա, դպրոց նշեք, անուն-ազգանուն նշեք: Տվեք տվյալները, տվյալ դպրոցի վերնագիրը»:
Երբ նշեցինք, թե հասկանալի պատճառներով ուսուցիչները հրաժարվում են անունները հրապարակել, Կարապետյանի պատասխան խոսքն ու քայլը չուշացավ. «Դե ուրեմն ես էլ եմ հրաժարվում այդ թեմայով Ձեզ հետ խոսել»: Դրան հետևեց նախ` լսափողի շրխկոց, ապա` տու-տու-տուուու….
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան