Հրապարակվել է «Առողջ երկրների» վարկանիշային աղյուսակը. Հայաստանը երկրորդն է ԱՊՀ տարածքում
Bloomberg գործակալությունը կազմել է աշխարհի երկրների ազգաբնակչության առողջության վերաբերյալ սեփական վարկանիշային աղյուսակը: Աղյուսակի պատրաստման համար օգտագործվել է առողջության ընդհանուր ինդեքսը, դրանից հանելով առողջությանը սպառնացող ռիսկերի ինդեքսը: Ազգաբնակչության առողջական վիճակը պարզելու համար օգտագործվել են այնպիսի ցուցանիշներ, ինչպես, օրինակ, բնակչության կյանքի միջին տևողության ցուցանիշը, մահացության պատճառները, մահացության ցուցանիշները` 65 տարեկանից անց կանանց և տղամարդկանց մոտ: Որպես առողջությանը սպառնացող ռիսկային գործոն` հաշվի է առնվել տարեց ծխողների մոտավոր քանակը, ալկոհոլի օգտագործման ցուցանիշը, ճարպակալման մակարդակը, թույլ ֆիզիկական պատրաստվածությունը, ընդհանուր էկոլոգիական վիճակը, ինչպես նաև` մանկական հիանդությունների տարածումը:
Ըստ գործակալության տվյալների` ամենաառողջ երկիրը Սինգապուրն է: Դրան փոքր-ինչ զիջում են Իտալիան, Ավստրալիան, Շվեյցարիան և Ճապոնիան: Հայաստանը 145 երկրների ցանկում զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը` Լատվիայի ու Լիտվայի հարևանությամբ:
ԱՊՀ երկրներից Հայաստանը իր ցուցանիշով զիջում է միայն Վրաստանին, որ զբաղեցնում է աղյուսակի 71-րդ հորիզոնականը: Ադրբեջանը 87-րդն է, Ռուսատանը՝ 97-ը, Ուկրաինան՝ 99-ը, Ղազախստանը՝ 111-ը: