Ս.Օհանյան.Աստված մեզ մեր ուժերի չափով այնքան փորձություն տա, որպեսզի մենք զգոնությունը երբևիցե չկորցնենք
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ նախօրեին հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նախարարը, ողջունելով բազեականներին, նշել է, որ իր համար մեծ պատիվ է ամեն տարի մասնակցել արդեն ավանդական դարձած «Բազե» հավաքին, և նա դա համարել է օրինաչափ, քանի որ պաշտպանության նախարարը ղեկավարում է Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ հայոց բանակը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, Սեյրան Օհանյանը կարևորել է բոլոր այն երիտասարդական միջոցառումները, որոնք ուղղված են մեր երկրի ապագային, հայ ժողովրդի, երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը։
ՀՀ պաշտպանության նախարարի կարծիքով` ժողովուրդների պատմությունը կերտվում է ուժով և գիտելիքներով, արվեստով, մշակույթով, քաղաքակրթությամբ:
«Եթե ուժով հաստատագրում ես քո ներկայությունը, ստեղծում ես պայմաններ, որպեսզի քեզ վրա որևիցե ռազմական ոտնձգություն չլինի, ապա արվեստի միջոցով քաղաքակիրթ կերպով ստեղծում ես պայմաններ, որպեսզի քեզնից մեկընդմիշտ հեռու մնան: Գիտեք` մեր բախտը հարևանների հարցում «բերել է», այդ իսկ պատճառով մենք միշտ պետք է զգոն լինենք: Եվ խոսելով մեր տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի մասին՝ ես միշտ ասում եմ՝ Աստված մեզ մեր ուժերի չափով այնքան փորձություն տա, որպեսզի մենք մեր զգոնությունը երբևիցե չկորցնենք։ Զգոնությունը կորցրած, փորձություններով չանցած ժողովուրդները մեծ ապագա չունեն»,- նշել է նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում