Վարդան Այվազյան. «Ընդդիմությունն` ընդդիմություն, բայց աբսուրդի դաշտ մտնել չարժե»
Օգոստոսի 8-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո, համատեղ հայտարարություն անելիս` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել են Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագնի հարցը և դրա ձևավորման սկզբունքների շուրջ փոխհամաձայնության են եկել, ըստ որի` մատակարարվող գազի գինը պետք է բխի այդ էներգակիրի շուկայական գնից` հաշվի առնելով տարածաշրջանում համադրելի գներն ու Հայաստանի տնտեսության մրցունակությունը:
Այս հայտարարությունից հետո թեման հայկական մամուլում բուռն քննարկում ունեցավ, իսկ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը լրատվամիջոցներից մեկին տված մեկնաբանությամբ հայտարարել էր, թե Հայաստանի ո'չ Նախագահը, ո'չ վարչապետը գազի գնի շուրջ Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցություններ չպետք է վարեն: Բացի այդ, ըստ նախկին վարչապետի, քննարկելու բան էլ չկա, քանի որ թե' մատակարարող, թե' ՀՀ ներսում իրացնող ընկերությունները ռուսական են:
«Եթե «ՀայՌուսգազարդը» հայկական լիներ, քննարկելու խնդիր կունենայինք»,- ասել էր նախկին վարչապետն ու նշել. «Հայաստանի համար գազի գին գոյություն չունի: Հայաստանն Ուկրաինա չէ: Ուկրաինային Ռուսաստանը վաճառում է գազը, իսկ Հայաստանին՝ ոչ: Ռուսաստանը գազը վաճառում է Հայաստանում գտնվող իր կազմակերպությանը. «Գազպրոմը» գազը վաճառում է, կարծեմ, Տրանզիտ անող գազին, որը նույն «Գազպրոմին» է պատկանում, վերջինս էլ «ՀայՌուսգազարդին»: Սրա ավելի քան 80%-ի փայատերը նույնպես «Գազպրոմն» է։ Հայաստանն այդ սխեմայում չկա: Ես չեմ կարողանում հասկանալ՝ որևէ տեսակի հայտարարություն՝ լավ, թե վատ, Հայաստանի վարչապետը կամ նախագահը ինչո՞ւ են բանակցում գազի գնի շուրջ»:
ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանը, ում գլխավորած ԱԺ տնտեսական հանձնաժողովի կազմում է ընդգրկված նաև Հրանտ Բագրատյանը, այս մոտեցումն աբսուրդ է համարում: «Ես շատ ցավում եմ մեր նախկին վարչապետի համար. անհասկանալի է, թե ինչպես ՀՀ Նախագահին կարող է գազի գնի հարցը չհետաքրքրել»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ. «Գազը՝ որպես ստրատեգիկ հումք, ունի երկակի նշանակություն. նախ` այն ապրանք է, երկրորդ` քաղաքական գործիք: Ժամանակը ցույց է տվել, որ այնպիսի ապրանքներն, ինչպիսիք գազն է, նավթը, քաղաքական գործիք են դառնում դրանք արտադրողների ձեռքին»:
Այվազյանի խոսքերով` հատկապես գազի մատակարարումը` բացի տնտեսականից, ունի նաև քաղաքական բաղադրիչ և, որպես կանոն, այդ հարցով բանակցությունները վարվում են երկրի ղեկավարների մակարդակով. «Մեր նախագահը երկու հարցն էլ արծարծել է, և ես շատ ցավում եմ նախկին վարչապետի համար, ում համար անհասկանալի է, թե ինչպես ՀՀ Նախագահին կարող է գազի գնի հարցը հետաքրքրի և նա փորձի հնարավոր առավելագույն բարենպաստ տարբերակներն առաջ մղել` օգտագործելով նաև մեր ունեցած քաղաքական պոտենցիալը: Եվ ես ցավում եմ, որ Հրանտ Բագրատյանն իր ղեկավարման ժամանակ նման բանակցություն չի վարել»:
Վարդան Այվազյանի համար զարմանալի ոչինչ չկա, որ ՀՀ Նախագահն անձամբ է բանակցում այս հարցի շուրջ, քանի որ «նա Սահմանադրությամբ պատասխանատու է երկրում սոցիալական խնդիրների լուծման համար, իսկ գազի սակագինը առաջին հերթին սոցիալական նշանակություն ունի»:
Պատգամավորի համոզմամբ՝ հանրային ծառայությունների ոլորտում, հատկապես այն ոլորտներում, որոնցում առկա է մենաշնորհ (գազ, էլեկտրաէներգիա, ջուր), պետության կարգավորող դերն անհրաժեշտ է և ֆիքսված օրենքով: Կարգավորող գործառույթի հիման վրա պետությունը մեծ մասնակցություն ունի գնագոյացման հարցում և ըստ այդմ երկրի ղեկավարի մասնակցությունը համապատասխան քննարկումներում ու բանակցություններում պատահական չէ, ավելին` ընդունված է: «Ես ողջունում եմ Նախագահի, վարչապետի, ցանկացած պետական այրի, ով կարող է մասնակցություն ունենալ գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագների կարգավորման մեխանիզմների մշակման գործընթացում»:
Ինչ վերաբերում է փաստարկին, թե Հայաստանը որևէ մասնակցություն չպետք է ունենա տնտեսվարող սուբյեկտների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ առավել ևս, որ դրանք միևնույն երկրի կապիտալ են կամ նույն հիմնադիրն ունեն, Այվազյանն այդ տրամաբանությունն անհեթեթ է համարում. «Դե եթե այդպես է, Հրազդանի ՋԷԿ-ն էլ է ռուսական կապիտալով, թող բերեն գազը տան, ինքն էլ էժան էլեկտրաէներգիա արտադրի»: Պատգամավորի խոսքերով` որևէ նշանակություն չունի, թե այս կամ այն ընկերության հիմնադիրներն ովքեր են կամ որ երկրի կապիտալն է ներդրված: «Այն տնտեսվարողները, ովքեր աշխատում և գործում են Հայաստանում, ինչ-որ առումով, անուղղակիորեն Հայաստանի սեփականություն են»,- ասաց Այվազյանն՝ ընդգծելով, որ տվյալ ընկերությունն աշխատում է այդ ոլորտում մեր երկրում սահմանված կանոններով և հարկեր վճարում:
Ինչ վերաբերում է ներքին շուկայում գազի սպառման սակագներին, և հատկապես այն օրինակին, որ Հայաստանում ֆիզիկական անձինք մանրածախ գազը ձեռք են բերում 1000 խմ-ն 132 հազար դրամով, իսկ օրինակ՝ հարևան Վրաստանում գազի գինը մեր փողով արտահայտված 110 հազար դրամ է, ապա Վարդան Այվազյանը հիշեցրեց, որ այդ նույն Վրաստանին Հայաստանը վճարում է գազի տեղափոխման դիմաց` հենց գազով, ինչը սակագինը զսպելու լայն հնարավորություն է ընձեռում Վրաստանին և ընդհակառակը` բարձրացնում է ինքնարժեքը Հայաստանի համար: Բացի այդ, ըստ Վարդան Այվազյանի, Հրանտ Բագրատյանն անկեղծ չէ, քանզի Վրաստանի հետ համեմատություն անցկացնելիս` «մոռացել» է նշել, թե ինչ արժե գազն այդ երկրում տնտեսվարողների համար. «Եթե Վրաստանի բնակչության համար գազի սակագինը կազմում է այդքան, ապա ինչո՞ւ ինքը չի ներկայացնում, թե որքան են վճարում արտադրողները: Չէ՞որ դրա համար տնտեսվարողներն են փոխհատուցում»:
Վարդան Այվազյանի խոսքերով` Հայաստանում գազի մանրածախ գինը ձևավորվում է հստակ բանաձևով. կախված մատակարարման գնից, գազի վրա իրականացվող ծառայությունները, հարկերն ու տուրքերը գումարած մարժա: Ըստ որում, օրենքը սահմանում է մարժայի առավելագույն շեմ, ինչպես նաև բազմաթիվ այլ սահմանափակումներ. «Օրինակ` ընկերությունը չի կարող ծառայողական նպատակներով թանկարժեք մեքենա ձեռք բերել և դա ներառել ծախսերի մեջ` դրանով իսկ բարձրացնելով ինքնարժեքը»:
Վարդան Այվազյանի վստահեցմամբ` Հրանտ Բագրատյանի կողմից Հայաստան մատակարարվող գազի կալորիականության հարցի արծարծումը նույնպես դեմագոգիա է, քանի որ այդ հարցը նույնպես պայմանագրի մեջ ներառված է: «Պարոն Բագրատյանն առաջիկայում լավագույն հնարավորությունը կունենա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարեկան հաշվետվություններ է ներկայացնում, և եթե ինքն այդ հաշվետվություններից, դրանցում եղած եզրահանգումներից մեջբերում կատարած լիներ, ես իրեն կհասկանայի: Հոկտեմբերի 1-ին կրկին ներկայացվելու է հաշվետվություն, և նա կարող է իր առարկությունները հայտնել»,- ասաց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահն ու պարզաբանեց, որ գազի կալորիականության հետ կապված` կա հաշվարկային հստակ մեխանիզմ. «Պայմանագրով մատակարարվող գազի կալորիականությունը 1000 խմ համար 8700 կկալ է, դրանից բարձրի ու դրանից ցածրի դեպքում կատարվում է վերահաշվարկ: Ի միջի այլոց, սա էլ է բանակցությունների առարկա: Նշեմ, որ այս դրույթը գործում է տնտեսվարողների դեպքում, քաղաքացիների դեպքում չի գործում: Այսինքն` տնտեսվարողը եթե ստանում է ավելի բարձր կալորիականությամբ գազ, նա հավելյալ գումար է վճարում»:
«Նման հայտարարություններն ընդամենը մարդկանց տեղեկացվածության պակասի վրա միավորներ հավաքելու նպատակ ունեն: ՀՀ ներկրվող գազի սակագինը ձևավորվում է հետևյալ սկզբունքով՝ ներկրման գին, գումարած ծառայություններ, գումարած հարկեր և թույլատրվող մարժա: Եթե դաշտը մրցակցային լիներ, եթե ունենայինք 10 տեղից գազամատակարարում, այն ժամանակ կարելի էր ազատականացնել: Սա հանրային մոնոպոլ ծառայություն է, որովհետև ներտնային ցանցից սկսած, մատակարարումն իրականացվում է մեկ աղբյուրից, ուստի դա ենթակա է պետական կարգավորման: Հետևաբար, պետության ղեկավարի առաջնային խնդիրներից մեկն այն է, որ նա կարողանա իր ազգաբնակչության համար հնարավորինս էժան գազ ստանա»,- զրույցի վերջում նշեց Վարդան Այվազյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա