Հայ-գերմանական հայտարարություն. Այն համագործակցության բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության առողջապահության նախարարության պետքարտուղար Թոմաս Իլկան այսօր ստորագրել են առողջապահության բնագավառում փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա երկկողմ համագործակցություն ծավալելու համատեղ հայտարարություն։
Ստորագրված փաստաթղթով համագործակցություն կծավալվի ինչպես առողջապահության և բժշկական ապահովագրության համակարգերի, հանրային առողջապահություն զարգացման, առողջապահության օրենսդրության կատարելագործման, այնպես էլ ոլորտի առանձին ճյուղերի զարգացման ուղղությամբ։
Դերենիկ Դումանյանը, բարձր գնահատելով մինչ այժմ երկու երկրի միջև համագործակցությունն առողջապահության ոլորտում, առանձնակի կարևորեց 2003 թվականից Գերմանիայի կառավարության դրամաշնորհով Հայաստանում հաջողությամբ իրականացված տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագիրը, որը դրական մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանում տուբերկուլոզի կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման գործում:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության առողջապահության նախարարության պետքարտուղար Թոմաս Իլկան նշել է, որ թեև առողջապահության բնագավառում երկու երկրները վաղուց են համագործակցում, սակայն այսօր այն նախարարությունների մակարդակով ընդլայնելու անհրաժեշտություն է առաջացել։
«Փաստաթուղթն, իրոք, համագործակցության բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում ոչ միայն միջկառավարական մակարդակում, այլև առանձին կլինիկաների միջև։ Ակնկալում եմ ակտիվ համագործակցություն՝ ի շահ մեր երկրների ազգաբնակչության որակյալ բուժսպասարկման»,-ասել Թոմաս Իլկան։
Դերենիկ Դումանյանը նշել է, որ հայկական կողմը լուրջ ակնկալիքներ ունի նաև մասնագետների վերապատրաստման, դասախոսների փորձի փոխանակման, բժշկագիտության զարգացման ոլորտում համատեղ ուսումնասիրությունների առումով։ Նախարար Դումանյանն առաջարկել է նշանակել պատասխանատուներ, ովքեր ուղղակի կապեր կապահովեն ինչպես նախարարությունների, այնպես էլ առանձին բուժհաստատությունների միջև։
Նախարարությունից նշում են, որ հայ-գերմանական համագործակցության արդյունքում Հայաստանում իրականացվում են մի շարք ծրագրեր, հիմնվել են կենտրոններ, մասնավորապես` հայ-գերմանական «MIM» բժշկական կենտրոնը, «Արեգնազան» կրթահամալիրը, Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» համալսարանական կլինիկայի քիմիաթերապիայի բաժանմունքը: Սերտ համագործակցություն է իրականացվում «ԱՐԲԵՍ» առողջության կենտրոնի, «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա