Թուրքերը Կանադայում կանգնեցնելու են ԱՍԱԼԱ-ի կողմից սպանված թուրք դիվանագետին նվիրված հուշարձան
2015թ.-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, հայության նախապատրաստական աշխատանքներն աննկատ չեն մնացել թուրքերի կողմից: Վերջիններս ծրագրում են անցնել պատասխան գործողությունների: Մասնավորապես թուրքական «Հյուրիիյեթ» (Hurriyet) օրաթերթը տեղեկացնում է, որ Կանադայի մայրաքաղաքում թուրքերը կանգնեցնելու են հուշարձան` ի հիշատակ 30 տարի առաջ «ԱՍԱԼԱ»-ի վրիժառուների կողմից սպանված թուրք դիվանագետ, դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Աթիլլա Ալթըքաթի: Ուշագրավ է, որ այդ հուշարձանի կառուցման ծրագիրը մեկ տարի շարունակ գաղտնի է պահվել: Աղբյուրի պարզաբանմամբ` թուրքերը մտավախություն են ունեցել, թե հայկական լոբբին կարող է խափանել ծրագիրը` իմանալով այդ մասին: Օտտավայում Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչները դեռևս անցած տարի են կանադական իշխանությունների հետ հստակեցրել քաղաքում նմանատիպ արձան կանգնեցնելու ընթացակարգը:
Հուշարձանի ճարտարապետներից մեկը` Նեջմեթթին Յաղջըն, ընդգծում է, որ արտերկրում հայերի հակաթուրքական տասնյակ քարե կոթողների դիմաց դա առաջին պատասխան արձանը կլինի թուրքերի կողմից: Հուշարձանը պատրաստվել է Թուրքիայում, ապա մաս-մաս տեղափոխվել Կանադա: Ֆինանսական հովանավորությունն իրականացրել է «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը: Հուշարձանն ունի 6մ տրամագիծ և 3մ բարձրություն, պատրաստված է փայտից և պողպատից: Մինչև ընթացիկ շաբաթավերջ նախատեսված է ավարտին հասցնել մոնտաժման աշխատանքները, իսկ պաշտոնական բացումը տեղի կունենա օգոստոսի 27-ին:
Հիշեցնենք, որ ԱՍԱԼԱ-ն (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ - Armenian Secret Army for the Liberation of Armenia) 1980-ականներին դարձել էր հայոց պայքարի ու վրեժի խորհրդանիշը: ԱՍԱԼԱ-ն բնական հակազդեցությունն էր ցեղասպանությունից փրկվածների այն զավակների, որոնք տասնամյակներ շարունակ լռելուց հետո ստիպված եղան զենք բարձրացնել: ԱՍԱԼԱ-ն պայքարում էր ոչ միայն զենքով, այլև ուներ իր պաշտոնաթերթը` «Հայաստանը», որ լույս էր տեսնում հինգ լեզուներով` հայերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն և թուրքերեն: 10 տարվա ընթացքում ԱՍԱԼԱ-ի զինյալներն իրականացրեցին ավելի քան 200 հարձակում թուրք դիվանագետների և քաղաքական գործիչների դեմ աշխարհի տարբեր երկրներում: Այդ տարիներին թուրքական կառավարությունը գնաց ծայրահեղ քայլի. Անկարան սկսեց իր արտակարգ և լիազոր դեսպաններին զինել և հատկացնել զրահապատ մեքենաներ: 1990-ականների սկզբին ԱՍԱԼԱ-ն ընդհատակ անցավ, բայց երբեք չի հայտարարել իր գործունեությունը կասեցնելու մասին: