Գագիկ Մինասյան. Արդյո՞ք ԼՂՀ-ն կմտնի Եվրասիական միության մեջ
Եվրասիական միությանը ՀՀ-ի անդամակցումը վերջին ամիսներին բուռն քննարկման նյութ է դարձել: Եվրասիական միության անքակտելի բաղադրիչը ընդհանուր մաքսային միությունն է, որի շուրջ Panorama.am-ը զրուցեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի հետ:
- Պարոն Մինասյան, օգոստոսի 8-ին կայացած Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ խոսվեց այն մասին, որ նախատեսվում է կազմել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի և կհասկանա ստեղծվելիք Եվրասիական միության հետ Հայաստանի համագործակցության մակարդակին առնչվող խնդիրներն ու կառաջարկի լուծմաներ։ Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:
- Կարծում եմ՝ կան բավականին լուրջ խնդիրներ, մասնավորապես Եվրասիական միության անդամ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը, երկրների տնտեսությունների առանձնահատկություններով պայմանավորված մաքսային դրույքաչափերի խնդիրները, և այլն։
- Իսկ քաղաքական տեսանկյունից ինչպիսի՞ խնդիրներ կառանձնացնեիք:
- Այսօր ՀՀ-ն և ԼՂՀ-ն ընդհանուր մաքսային տարածքում են, հետևաբար՝ երբ քննարկվում է Եվրասիական միությանը ՀՀ հնարավոր անդամակցությունը, ակնհայտ է, որ դա պետք է վերաբերվի նաև ԼՂՀ-ին, քանի որ հնարավոր չէ պատկերացնել, որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև կարող է մաքսային սահման լինել: ՀՀ-ն և ԼՂՀ-ն ունեն ընդհանուր մաքսային, դրամային և տնտեսական համակարգ, ինչը, եթե նույնիսկ մի կողմ դնենք մյուս բոլոր, ու այդ թվում նաև քաղաքական նկատառումները, անհնարին է դարձնում ՀՀ և ԼՂՀ միջև մաքսային սահմանի գոյությունը։
Քաղաքական հարցադրումներ այստեղ առաջանում են այլ հարթության մեջ. պատրա՞ստ են արդյոք ստեղծվելիք Եվրասիական միության անդամները ճանաչել ԼՂՀ-ն` որպես սուբյեկտ և ԼՂՀ սահմանը` որպես Եվրասիական միության սահման` այդ թվում նաև մաքսային սահման: Օրինակ` ԼՂՀ և ԻԻՀ սահմանային մաքսակետը պե՞տք է համարվի Եվրասիական միության մաքսակետ, և ԻԻՀ-ից ԼՂՀ ներմուծված ապրանքը, որն ուղարկվելու է, ասենք, Բելառուս, պետք է՞ համարվի արդեն Եվրասիական միություն կամ ընդհանուր մաքսային տարածք մտած ապրանք: Սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկման առարկա դառնան ստեղծվելիք աշխատանքային խմբում։
Կարծում եմ՝ այս առումով քաղաքական վճիռ կայացնելու անհրաժեշտություն ունեն այն պետությունները, որոնք իրենց վճռականությունն են արտահայտել Եվրասիական միության կազմում լինելու մասին, այսինքն՝ Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը։