ՀՀԿ խմբակցության անդամ. «Մեր երկրում օրենք չկա»
«Հայկական ժամանակն» անդրադառնալով մեկ օր առաջ Մասիսում հնչած կրակոցներին՝ գրել է. «Կրակողներից մեկը Մասիսի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Ավետիք Դալլաքյանի որդին է, որը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին: Քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ «սուտի բանից» սկսած վիճաբանությունը, որն ավարտվել է կրակոցներով, հրահրել է Մասիսն ընդգրկող թիվ 16 ընտրատարածքից մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում պատգամավոր դարձած ՀՀԿ խմբակցության անդամ Մուրադ Մուրադյանը (նախկինում` բնապահպանության նախարար): Վերջինս էլ թղթակցին ասել է, թե մեր երկրում օրենք չկա: «Եթե երկրում արդարություն լինի, էդ Ավոն պետք է արևին ռեշոտկի այն կողմից նայի, միշտ ասել եմ սաղ ղեկավարների մոտ, բայց, ցավոք սրտի, օրենքը չի աշխատում, էլի: Ցավում եմ, որ մեր երկրում օրենք չկա, էդ էլ կարող եք գրել»:
Թերթի հետ զրույցում Մուրադյանը հերքել է ԲՀԿ-ական թեկնածուին՝ ասելով, որ ինքը որևէ առնչություն չունի նշված միջադեպի հետ. «Ինչի՞ ես էդքան անմակարդակ մարդ եմ, կամ մեկին չճանաչեմ կամ ասեմ՝ գնա, կրակի, էդ թալանչիին (խոսքը ԲՀԿ-ական թեկնածուի մասին է) սաղ ոռոգման ջրի համակարգը քանդեց, հիմա ֆիկտիվնի դրել են…. Սա ստորության վերջին աստիճանն է, նման բան չկա»:
Հարցին, թե՝ «ՀՀԿ-ն այդտեղ թեկնածու ունի, ձեր կարծիքով՝ ո՞վ կհաղթի, Մուրադ Մուրադյանը պատասխանել է. «Ես չեմ կարա ասեմ, մինչև մի բանը չտեսնեմ, համ էլ մեջի մարդ էլ չեմ, որ մանրամասն իմանամ: Հետո սուտ ասելը իմ վրով չի, ասեմ ձեզ: Բայց որ Ավոն քաղաքապետ չի դառնա, էտի միանշանակ: Դրել են, ինչ-որ ինտրիգներ, խաղեր մեջտեղ գան, պայմաններ, անձնական հարցեր լուծեն, դա է նպատակը: Էդ կարող ես ասել ջրի նախկին թալանչին, տենց էլ ասեք, դա հաստատ չի դառնա…,էդ էլ ես եմ ասում, այ էն վախտ ես կխառնվեմ, կտեսնեն՝ ժողովուրդը որ յան կեթա»: