Սա 8 տարի ուշացած սանկցիա է. Ոստիկանության պաշտոնյան` «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի փոփոխության մասին
«Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում ու մասնավորապես 195.1 հոդվածում փոփոխություններին, որոնք ուժի մեջ են մտել դեռ այս տարվա հունիսի 1-ից, շարունակում են տարբեր գնահատականներ տալ: Սոցցանցերում կարծիք հնչեց, թե բյուջեն մնացել է խոպանչիների հույսին: Մեկ ուրիշն էլ նկատեց, թե այսպիսով սահմանփակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը:
Բանն այն է, որ փոփոխված օրենքի տվյալ հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 6 ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ 6 ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացու կողմից այս մասին համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում (սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն` 3000 դրամ): Մինչ այդ օրենքը սահմանում էր նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև նվազագույն աշխատավարձի չափով:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը, ասաց. «Սա 8 տարի ուշացած սանկցիա է»:
Քոչարյանը բացատրեց, երբ ընդունվել է «Բնակչության ռեեգիստրի մասին» օրենքը, դրանով քաղաքացու վրա պարտականություն է դրվել, որ երբ քաղաքացին վեց ամսից ավելի ժամկետով բնակության է մեկնում այլ երկիր այդ մասին պարտավոր է տեղյակ պահել հյուպատոսական հիմնարկին կամ դիվանագիտական ներկայացուցչությանը:
Ոստիկանության պաշտոնյան հիշեցրեց, որ դրա վերաբերյալ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով փոքր տուգանք էր սահմանված, ընդամենը դրա չափն է վերանայվել: Իսկ մինչ օրս հյուպատոսական ծառայության չտեղեկացնելը եղել է զանգվածային:
«Հիշո՞ւմ եք, ընտրությունների ժամանակ երբ ընտրացուցակների մեջ գտնվող հանրապետությունից դուրս գտնվող քաղաքացիների մասին էին խոսում, ասում էին` նրանց ինչո՞ւ չեք հանել ցուցակներից: Քաղաքացիները իրենց վրա դրված պարտականությունը չէին կատարում, ռեգիստրը չէր իմանում, որ քաղաքացին հանրապետությունից դուրս է գտնվում, հաշվառումից չէր հանում, նրանք էլ մնում էին ցուցակներում: Հիմա այս փոփոխությամբ մենք ավելացրեցինք պատասխանատվության չափը, որ նման խնդիրները լուծվեն: Բայց շատ խիստ չէ, դա նվազ վնասակարություն ներկայացնող իրավախախտում է, և եթե 3 հազար դրամը քննարկման առիթ է հանդիսացել, ուրմեն սրա պատճառները հաստատ ուրիշ տեղ է պետք ման գալ: Ես չեմ կարծում, որ դա երեք հազար դրամի աղմուկ է: Այդ պատասխանատվությունը միշտ էլ եղել է 500-1000 դրամի չափով, բայց դուք ինքներդ էլ եք հասկանում, որ դա պատասխանատվության չափ չի»,- պարզաբանեց ոստիկանության գնդապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա