Արարատի մարզպետ. Մասիսի կրակոցները կապ չունեն քաղաքականության հետ
Մասիսում օգոստոսի 14-ին տեղի ունեցածի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել ՔրՕր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ: Ոստիկանությունից հայտնեցին, որ կա երկու զերբակալված` Մասիսի քաղաքխպետի թեկնածուներից մեկի որդին` Վոլոդյա Համբարձումյանը և Համբարձում Հովհաննիսյան անունով մի երիտասարդ: Օրենքը նման արարքի համար նախատեսում է ազատազրկում չորսից յոթ տարի ժամկետով:
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն անդրադառնալով միջադեպին՝ Panorama.am-ին հայտնեց, որ Մասիս քաղքում տեղի ունեցածը առաջիկա տեղական ինքնակառարման մարմինների ընտրությունների հետ որևէ կապ չունի:
«Բացարձակ որևէ կապ չունեն այդ կրակոցները քաղաքականության հետ: Ընտրությունների հետ բա-ցար-ձակ կապ չունի, կապ չի կարող ունենալ: Քաղաքապետի թեկնածուի որդին իր անձնական ավտոմեքենայով երթևեկելու ժամանակ միջադեպ է եղել: Դա ինչ նշանակություն ունի ընտրությունների հետ»,-ասաց Է. Բարսեղյանը, ավելացնելով, որ ինքն այդ մասին հայտարարում է պաշտոնապես:
Մարզի այլ համայնքներում, որտեղ մայիսի 9-ին ղեկավար են ընտրելու, Բարսեղյանի խոսքով, իրավիճակը հանգիստ է:
«Թեկնածություն են դրել 2, 3, 4 հոգի: Ոչ մեկի վրա ճնշում չենք գործադրում, ոչ մեկի չենք ասում` թեկնածությունը հանի, մարզպետը երաշխավորում է արդար ու թափանցիկ ընտրություններ»,-ասաց Բարսեղյանը:
Նշենք, որ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` օգոստոսի 14-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, իրենց տներից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վոլոդյա Դ.-ին և 1990 թ. ծնված Համբարձում Հ.-ին:
Պարզվել է, որ օգոստոսի 13-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Համբարձում Հ.-ն դիտավորությամբ ծակել է Վոլոդյա Դ.-ի դռան դիմաց` փողոցում կայանված, վերջինիս քեռուն` 1958 թ. ծնված Սմբատ Ս.-ին ամրակցված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի անիվը, իսկ Վոլոդյա Դ.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իրեն պատկանող երկփողանի որսորդական հրացանից Համբարձում Հ.-ի ուղղությամբ արձակել է 2 կրակոց, որից 30 րոպե հետո Համբարձում Հ.-ն վերադարձել է Վոլոդյա Դ.-ի տան մոտ ու «Մակարովե տիպի պնևմատիկ ատրճանակից 6 կրակոց արձակել տան դիմաց կայանված, նույն ավտոմեքենայի ուղղությամբ ու վնասել այն:
Համբարձում Հ.-ն բացատրություն է տվել, որ «Մակարով» ատրճանակը գտել է: Որսորդական հրացանը և պնևմատիկ ատրճանակն առգրավված են: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Մասիսում քաղաքապետի պաշտոնին հավակնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 3 անդամներ` Մասիսի փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանը, Դմիտրի Նազարյանը և Ավետիք Դալլաքյանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրված նույն կուսակցության անդամ Սաշա Հակոբյանը, ինքնաառաջադրված անկուսակցականներ` Տիգրան Ղամբարյանը և Նորայր Նահապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում