Դավիթ Ջամալյան.«Այս զորավարժությունները վկայում են մեր բանակի գումարտակ օղակի կայացած լինելու մասին»
Օգոստոսի 14-16-ը ԼՂՀ ՊԲ բանակի մի շարք ստորաբաժանումների հետ անցկացվեցին մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական ցուցադրական զորավարժություններ: Նման զորախաղերի անկացումը նպատակ ունի բարձրացնել մասնակից անձնակազմի մարտավարական ունակությունները և վերջիններիս տալ պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման համապատասխան պրակտիկա: Նման մասշտաբային զորավաչժությունների և դրանց նշանակության շուրջ Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:
«Ինչպես գիտենք գումարտակը կառուցվածքային տեսանկյունից գրավում է միջանկյալ դիրք` վաշտի և գնդի միջև: Ինչպես մի շարք այլ երկրների, այնպես էլ մեր երկրի զինված ուժերում գումարտակը հանդես է գալիս իբրև կարևոր մարտավարական միավոր:
Հիշեցնենք, որ Զինված Ուժերի հիերարխիայում գումարտակն ու գունդը դիտարկվում են իբրև մարտավարական բնույթի մարտական խնդիրներ կատարելու ունակ հիմնական ստորաբաժանումներ, այսինքն` կազմում են Զինված ուժերի մարտավարական օղակը: Այդ ամենից զատ, գումարտակը, լինելով գնդի կառուցվածքի բաղադրիչn առավել խոշոր ստորաբաժանման` բրիգադի կամ զորամիավորման, հարձակողական կամ հակահարձակողական խմբավորման կազմում, մասնակցում է նաև մեծամասշտաբ մարտական գործողություններին:
Հարկ է նշել, որ հաշվի առնելով արցախյան ռազմաթատերաբեմի մասշտաբները` գումարտակը հանդես է գալիս իբրև մի արդյունավետ կառուցվածքային միավոր, որը բացի տեղային, սահմանափակ բնույթի մարտական առաջադրանքներից, առանձին դեպքերում անգամ ունակ է ինքնուրույնաբար իրականացնել մարտավարական բնույթի մարտական առաջադրանքներ: Իբրև օրինակ կարելի է բերել Արցախ - Ադրբեջան պետական սահմանի հյուսիս-արևմտյան հատվածը պաշտպանող Հաթերքի պայմանագրային գումարտակը: Վերջինս տարիներ առաջ այդ բարձրադիր լեռնային տեղանքում փայլուն իրականացրեց ինքնուրույն մարտական խնդիր` պետական սահմանի այդ պատասխանատու տեղամասում տեղադրելով հենակետեր, և մարտավարական առավելություն ձեռք բերելով թշնամու հանդեպ»,- նշեց Դ. Ջամալյանը:
Ըստ փորձագետի` ՀՀ զինուժն ունակ է Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեպքում ակտիվ հակահարձակողական օպերացիաներով մարտական գործողությունները տեղափոխել թշնամու տարածք:
«Ահա այդ` թշնամուն խաղաղություն պարտադրելու սցենարում գումարտակ օղակին տրվում է առանցքային նշանակություն: Հետևաբար նման պլանային, հերթական բնույթի զորավարժությունները խիստ կարևոր են և էլ ավելի իրականանալի են դարձնում վերը նշված սցենարը:
Ի դեպ. գումարտակային մարտավարական զորավարժությունների անցկացումը վառ վկայությունն է այն բանի, որ մեր Զինված ուժերում գումարտակ օղակը կայացել է իբրև արդյունավետ գործելու ունակ առանձին մարտական միավոր»,- ասաց նա:
Դ. Ջամալյանը հարկ համարեց նշել, որ վերը նշվածն առաջին հերթին բնորոշ է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներին, և ահա թե ինչու. «Պետական սահմանի իրեն վստահված տեղամասը պաշտպանելու նպատակով գումարտակը ձգվում է նրա ողջ երկայնքով: Նման պայմաններում գումարտակի բոլոր բաղադրիչները` ընդհուպ մինջև ջոկեր, զբաղեցնելով իրենց մարտական հենակետերը, վերածվում են յուրահատուկ ինքնուրույն մարտական միավորների, որոնք պետք է պատրաստ լինեն ամեն վայրկյան ետ մղել թշնամու դիվերսիոն խմբերին: Հետևաբար վստահաբար կարելի է նշել, որ հրադադարի պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներն իսկապես կայացած մարտական միավորներ են: Ասվածի վկայությունն է թշնամու ձախողված տասնյակ դիվերսիոն գործողությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան