Մասիսի քաղաքապետի թեկնածուի որդին ձերբակալվել է. Նրան խուլիգանություն կատարելու մեղադրանք է առաջադրվել
Նախորդ գիշեր ձերբակալվել են Մասիսի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Ավետիք Դալլաքյանի որդի՝ Վոլոդյա Դալլաքյանը, և մի երիտասարդ՝ Համբարձում Հովհաննիսյանը: Այս մասին երեկ «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Քաղաքապետի թեկնածուի որդին մեղադրվում է խուլիգանություն կատարելու համար: «Ինչպես տեղեկացրել էինք, երեք օր առաջ Մասիսում կրակոցներ են հնչել. Դալլաքյանը պնդում է, որ իր որդու տան վրա հարձակում է եղել, իսկ որդին պաշտպանվել է: Միջադեպն էլ, ըստ նրա, հրահրել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը, և դա կապ ունի սեպտեմբերի 9-ին կայանալիք Մասիսի քաղաքապետի ընտրությունների հետ: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում Մուրադյանը հերքել էր իր առնչությունը միջադեպին: Ըստ Դալլաքյանի, ոստիկանություն էր տարվել նաև իր մյուս որդին, ում, սակայն, հետո ազատ են արձակել: Քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն մեր թղթակցին ասել է, որ եթե արդար քննություն չընթանա, ինքը դիմելու է Սերժ Սարգսյանին»,-գրել է թերթը: