Ո՞ւր են կորել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անվճար ավտոբուսները
Արդեն երկու շաբաթից ավելի է` Երևանի կենտրոնի փողոցներում այլևս չեն երևում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անվճար ավտոբուսները: Խոսքը 259 համարի Աբովյան-Երևան-Աբովյան երթուղին կրկնող անվճար ավտոբուսների մասին է, որոնց վրա գրված է. «Անվճար բարեգործական երթուղի». գրել է «Հայկական ժամանակը»:
Այս երթուղով անվճար ավտոբուսների չգործելու իրողությունը թերթի հետ զրույցում հաստատել է նաև «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անվճար ուղևորափոխադրումների դիսպետչեր Արևշատ Եղիազարյանը: Ըստ վերջինիս, իրենց կողմից իրականացվող Աբովյան-Երևան-Աբովյան անվճար ուղևորափոխադրումները հիմնականում սովորականի պես շարունակվում են, իսկ ահա 259 համարի երթուղին կրկնող անվճար ավտոբուսների առնչությամբ Եղիազարյանն ասել է. «Այդ գիծը մինչև սեպտեմբեր չի լինելու, ավտոբուսներ չունենք, վերանորոգում ենք»: Դիսպետչերը քիչ հավանական է համարել այդ երթուղին ընդհանրապես չշահագործելու տարբերակը: «Ոչ մի նման տեղեկություն չունեմ, ոչ էլ նման հրահանգ ունենք, ինձ թվում է` նման բան չի կարող լինել»,-ենթադրեց դիսպետչեր Եղիազարյանը:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից ևս թերթը հետաքրքրվել է, թե ինչու են վերը նշված անվճար ուղևորափոխադրումները դադարել, նա պատասխանել է, թե նման բան չկա, այդ երթուղու ավտոբուսները շարունակում են գործել: «Դե, եթե մարդն ասում է, որ ավտոբուսները գործում են, ուրեմն` գործում են: Իսկ որ դրանց ոչ ոք չի հանդիպում, ոչ ոք չի տեսնում, թող չհանդիպողն ու չտեսնողը իրենց մեջ փնտրեն պատճառները. երևի վատ տեսողություն ունեն»-մեկնաբանել է թերթը: