Ադրբեջանը հին զոհերը նոր է ներկայացնում. ՊՆ մամուլի խոսնակ
Հայկական զինված ուժերի մարտունակության աստիճանի լավագույն ցուցանիշը հակառակորդի զսպվածությունն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ՀՀ զինված ուժերի պատրաստվածությունը գնահատելով բարձր:
Նախարարության պաշտոնյան անդրադարձավ ադրբեջանական լրատվամիջոցների զոհերի վերաբերյալ հրապարակած տեղեկություններին, որոնք իբր հայ դիպուկահարների գործողությունների հետևանքով են սպանվել:
«Չի բացառվում, որ իրենց ոչ կազմակերպված գործողությունների արդյունքում նրանք ունենում են զոհեր։ Դա հեռու չէ նրանցից, մանավանդ, դրանք պարզվում է հին զոհեր են և նոր նոր են ներկայացվում։ Դա իրենց պրակտիկայում ևս կա»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Հայաստանում շուտով կանցկացվի «Համագործակցություն-2012» խոշորամասշտաբ զորավարժությունը, որն իր ծավալներով աննախադեպ է: Հովհաննսիյանն ասում է, որ նման զորավարժությունների անցկացումը Հայաստանում ապացույցն է այն բանի, որ ՀՀ զինված ուժերն ունեն բարձրակարգ մարտունակություն, «այլապես նման մակարդակի զորավարժություններ, զսպողական գործողություններ, անհնար կլիներ իրականացնել»։
Ռազմական ոլորտի փորձագետը նշեց, որ տարեցտարի զորավարժություններն իրենց բնույթով, ծավալներով և սցենարային մոդելներով շատ ավելի բարդացվում և մեծացվում են։