Փոխմարզպետների ու փոխնախարարների թափուր պաշտոններում հաջորդ շաբաթվանից կսկսեն նշանակումներ անել
«Հրապարակը» հիշեցնում է, որ ԲՀԿ-ական փոխմարզպետներին ու փոխնախարարներին ազատելուց հետո ընդամենը մի քանի նշանակում է եղել: Փոխնախարարների ու մի քանի փոխմարզպետի պաշտոնները դեռ թափուր են:
Ըստ թերթի աղբյուրների, հաջորդ շաբաթվանից կսկսեն թափուր պաշտոններում նշանակումներ անել: «Այս առումով հատկապես անհանգիստ են ՕԵԿ-ականները: Արդեն մի քանի ամիս է` նրանք սպասում են խոստացված պաշտոններին, իսկ Բաղրամյան 26-ում լրջորեն ծանրութեթև են անում արժանիների ցանկը: Ինչ վերաբերում է փոխմարզպետներին, ապա Արմավիրում գործադիրը հավանաբար կանգ կառնի գեներալ Մանվելի հովանավորյալի` մարզպետի խորհրդական, ՀՀԿ Էջմիածնի կառույցի ղեկավար Մովսես Քարտաշյանի վրա: Թեև ԲՀԿ-ական փոխմարզպետի ազատվելուց հետո այս պաշտոնի կարիքն առանձնապես չկա, քանի որ այդ և մի շարք տեղակալների պաշտոններ ժամանակին հորինվել են կոալիցիոն գործընկերոջը գոհացնելու համար»,-գրել է թերթը: