Հռիփսիմե Խուրշուդյան. «Փեսացուս աջակցում է ինձ»
Լոնդոնի օլիմպիական խաղերում բրոնզե մեդալի արժանացած հայ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը Հայաստան է վերադարձել հաղթական ու բարձր տրամադրությամբ: +75 կգ քաշային կարգում մեր մարզուհին ոսկե մեդալի արժեք ունեցող բրոնզ է նվաճել, քանի որ այս քաշային կարգում իսկապես մրցակցությունը թեժ էր: Բավական է միայն նշել, որ ոսկե մեդալի արժանացած չինուհի Ժոու Լուլուն մոտ 50 կգ անձնական քաշով ծանր էր Խուրշուդյանից:
Այսօր Հռիփսիմե Խուրշուդյանը «Հայելի» մամուլի ակումբում էր, որտեղ լրագրողների հետ կիսվեց տպավորություններով, պատմեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի և իր առաջիկա ծրագրերի մասին:
«Անչափ ուրախ եմ և Հայաստան եմ վերադարձել բարձր տրամադրությամբ: Լոնդոնում գիտեի, որ թեժ պայքար է լինելու: 2-րդ մոտեցման ժամանակ, երբ հրում վարժությունում չկարողացա բարձրացնել 166 կգ ծանրաձողը, չընկճվեցի: 3-րդ մոտեցումս հաջող ստացվեց, միաժամանակ` ձախողվեց կորեացի մարզուհին, ու ես արժանացա բրոնզե մեդալի, ինչի համար անչափ ուրախ եմ:
Երևանում ինձ սպավսում էր հաճելի անակնկալ: Բացի օդանավակայանում մեզ դիմավորելուց, փեսացուս` Տարոն Թովմասյանը, կրկին անակնկալ էր նախապատրաստել: Քասախում ինձ ևս ջերմ ընդունեցին: Համագյուղացիներս մեծ մատաղ արեցին: Մի խոսքով` անչափ տպավորված եմ:
Ի դեպ` այս տարի կամուսնանամ: Հարսանիքի օրը դեռ չենք որոշել: Այնուհետև 1 տարի դադար կվերցնեմ: 2014թ. գարնանը կսկսեմ մարզումներս և կմասնակցեմ մրցաշարերի:
Չեմ կարծում, որ կկանգնեմ «ընտանիք կամ կարիերա» ընտրության առաջ, քանի որ փեսացուս աջակցում է ինձ: Ներկա պահին իմ առջև խնդիր է դրված ավելացնել անձնական քաշս: Պատրաստ եմ նաև դրան»,- հայտարարեց Հռիփսիմե Խուրշուդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ