Հյուրանոցը կարող է փլվել քաղաքապետարանի վրա
«Առավոտը» գրում է, որ Իջևանի քաղաքապետարանի շենքի հարևանությամբ գտնվող «Իջևան» հյուրանոցն արդեն 15 տարի անմխիթար վիճակում է: Նախկինում քաղաքի խորհրդանիշ հանդիսացած 9 հարկանի հյուրանոցը վաղուց չի գործում: 2007թ. փետրվարի 5-ին հյուրանոցի շենքը սեփականաշնորհվել է Էդուարդ Ավետիսյանին: Քաղաքապետարանի աշխատակիցներն այդ մարդուն չեն ճանաչում և ենթադրում են, որ նա Իջևանի բնակիչ չէ:
Ըստ Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի, քանի որ հյուրանոցի շենքի նկուղը ողողված է ջրագծի վթարի հետևանքով կուտակված ջրերով, շենքի հիմքը դարձել է խարխուլ, այն կարող է մի օր փլվել քաղաքապետարանի շենքի վրա: Քաղաքապետը հույս է հայտնել, որ առաջիկայում օրենք կընդունվի սեփականաշնորհված և տարիներով անգործության մատնված շենքերի գույքահարկն ավելացնելու վերաբերյալ, որպեսզի դրանց տերերը ստիպված լինեն դրանք գործարկել: